Մարադոնայի ամենահայտնի մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնով

Դիեգո Մարադոնայի մարզաշապիկը, որով ԱԱ-1986-ի ժամանակ նա Անգլիայի հետ խաղում խփել էր «Աստծու ձեռքը» անունը ստացած գոլը, Լոնդոնում Sotheby’s աճուրդի ժամանակ վաճառվել է ռեկորդային 9,28 միլիոն դոլարով։ Այս մասին հաղորդում է ESPN-ն։
Վերջնական գինը գերազանցել է նախորդ ռեկորդը՝ 5,64 միլիոն դոլարը, որը 2019-ին վճարվել էր «Նյու Յորք Յանքիսի» խաղացող Բեյբ Ռութի 1928-1930թթ․ մարզաշապիկի համար։ Մարադոնայի մարզաշապիկի արժեքը գերազանցել է նաև առհասարակ սպորտային հիշարժան իրերի համար վճարված ռեկորդային գինը, որը կազմում էր 8,8 միլիոն դոլար և վճարվել էր ձեռքով նկարված օրիգինալ օլիմպիական մանիֆեստի համար․ այն վաճառվել էր 2019-ին Նյու Յորքում։
Աճուրդի ժամանակ սակայն սկանդալ է գրանցվել: Երբ Sotheby’s-ը հայտարարել էր աճուրդի մասին, Մարադոնայի դուստրը՝ Դալման, հայտնել էր, որ դա այն մարզաշապիկը չէ։ Նա ասել էր, որ Մարադոնան դրանով անցկացրել է առաջին կեսը, բայց դրանով չի եղել գոլ խփելու ժամանակ: Սակայն Sotheby’s-ը դիմել էր Resolution Photomatching-ին, որպեսզի հաստատի, որ դա հենց այդ մարզաշապիկն է, որով արգենտինացին գոլի հեղինակ էր դարձել։
Մարզաշապիկի գնորդը հայտնի չէ։