«Կեղծ օրակարգ». Հայաստանը կդառնա՞ ԵՄ անդամ

«Կեղծ օրակարգ». Հայաստանը կդառնա՞ ԵՄ անդամ

ԵՄ–ի հետ վիզայի ազատականացուման հարցը շարունակում է մնալ Հայաստանի քաղաքացիների բուռն քննարկման առարկա: Որքան թեման ակտիվանում է, որքան շատ են ՀՀ իշխանությունները հայտարարում, թե ԵՄ ավելի մոտ է դառնում, այնքան շենգենյան գոտու երկիր մեկնելը դառնում է ավելի բարդ, նյարդեր քայքայող:

Դեռ անցյալ ամիս ՀՀ հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցը քննարկվել էր ԵՄ Խորհրդում, հավանություն էր տրվել Եվրահանձնաժողովի առաջարկին՝ Երևանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ։ 27 երկրների կողմից այս որոշումը դեռ պետք է հաստատվի, և միայն դրանից հետո ԵՀ-ն կհայտարարի գործընթացի մեկնարկի ամսաթիվը։ 

Շատերը սպասումներ ունեն, որ 27 երկրները արագ կհաստատեն, ու գործընթացը հնարավորինս շուտ կմեկնարկի, սակայն ակնհայտ է, որ ամենն այդքան հեշտ չէ, որքան սպասելի է: Հարևան Վրաստանը մեզ օրինակ: 

MediaHub-ի վերլուծաբան–մեկնաբան Սուրեն Սուրենյանցն իր էջում այս հարցի շուրջ հարցում է տեղադրել մարդկանց տրամադրվածությունը հասկանալու համար: Եվ այսպես, «այս իրավիճակում հնարավոր համարո՞ւմ եք ՀՀ անդամակցությունը ԵՄ-ին» հարցին հարցվածների ընդամենը 1%-ն է ընտրել «Այո, Հայաստանի տեղն Արևմուտքում է» տարբերակը, իսկ 56%-ը կարծում է, որ «Ոչ, դա կեղծ օրակարգ է»: 3%-ն ընտրել է «Այո, ԵՄ-ն Հայաստանի անվտանգության երաշխիք է» տարբերակը, իսկ հարցվածների 35%-ը կարծում է, որ «Ոչ, ԵՄ-ում մեզ չեն սպասում»: 5%-ն էլ ընտրել է «Չգիտեմ» տարբերակը։

Նշենք, որ այս հարցին բավականին սկեպտիկորեն են նայում նաև ՀՀ իշխանությունները: Դեռ այս տարվա մարտին փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացման հարցում էական հետընթաց է գրանցվել: Ճիշտ է, արդեն մայիսին նա հայտարարեց, որ գործընթացն ակտիվացել է և դրական նորություններ են սպասվում, որն էլ հենց Եվրահանձնաժողովի առաջարկին՝ Երևանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելուն «կանաչ լույս» վառելն էր, բայց ի՞նչ է դա ռեալ փոխում մեր կյանքում: Դեռևս, ցավոք, ոչինչ:

Մարիաննա Արամյան