Արցախի համար Հայաստանը ոչինչ էլ չի անում․ Մետաքսե Հակոբյան

Բլոկադայի 33-րդ օրն է․ Արցախում ճգնաժամն օր օրի ավելի է խորանում։ Արցախցիները հույսով սպասում են, թե շուտով Բերձորի միջանցքը կբացվի և իրենք հնարավորություն կունենան գերությունից դուրս գալու, իսկ Հայաստանի և Արցախի իշխանություններն իրարամերժ հայտարարություններ են անում․ մի կողմը դժգոհում է ստացված աջակցության ծավալներից, մյուս կողմն էլ հակադարձում՝ թե էլ ի՞նչ պիտի անի։
Այսպես, Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարեց, որ հնչած հայտարարություններից պարզ է դառնում, որ արցախցին մի ճանապարհ ունի՝ պայքար։ Երեկ էլ Հայաստան-Արցախ տեսակամրջի ընթացքում ասաց, որ Հայաստանն անում է այնքան, ինչքան կարողանում է։
Արդյո՞ք հնչեցված հայտարարությունները չեն հակասում իրար․ MediaHub.am-ը զրուցել է Արցախի ԱԺ «Արդարդություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։
Պատգամավորի խոսքով՝ հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ազգակործան էին և պարզ արտահայտում էին նրա՝ Արցախը հանձնելու պատրաստակամությունը։
«Նրա այդ հայտարարություններին ի պատասխան Արցախի ԱԽ-ն հայտարարություն տարածեց, որով, ըստ էության, պատասխանեց Փաշինյանին։ Այսինքն՝ հնչեց թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության համատեղ խոսքը»,- ասաց Հակոբյանը։
Նա նշեց, որ երեկ էլ Վարդանյանը վերահաստատեց ԱԽ հայտարարությունը, և դրանով ամեն ինչ ասված է։
«Բացի այդ, երեկ Ռուբեն Վարդանյանը ներկայացրեց տեսակետ, որ Հայաստանի իշխանությունն ինչ կարողանում, դա է անում։ Նա դրանով ցույց տվեց, որ Հայաստանը ոչինչ էլ չի անում։ Առավել քան պարզ էր պետնախարարի խոսքը, և ոչնչով չի տարբերվում արցախցու դիրքորոշումից»,- ասաց Հակոբյանը։
Հարցին, թե այս դեպքում ի՞նչ է պատրաստվում անել Արցախը, կա՞ արդյոք ճանապարհային քարտեզ, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց՝ դա այս օրերի ամենադժվար հարցն է։
«Արցախը երբեք այսքան լքված ու մենակ չի եղել։ Արցախում ապրող հայերը միշտ զգացել են, որ համայն հայության աջակցությունն ունեն, իսկ այսօր մենք լռության մեջ ենք։ Այժմ մենք պետք է պայքարենք, և այն, ինչ անում ենք, պայքար է։ Չդիմանալով համբերում է Արցախը։ Մարդկանց կյանքերի ու անորոշ ապագայի զգացողության հաշվին պայքարում ենք։ Գիտենք, որ դա չանենք, ամբողջությամբ կործանվելու են թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը»,- նկատեց նա։
Ըստ Հակոբյանի՝ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որ դիվանագիտորեն կարողանան որոշ հարցեր լուծել, քանի որ այժմ Հայաստանն այդ առումով ոչինչ չի անում։ Արցախը, համոզված է նա, քաղաքական միջավայրում էլ պետք է ելքերը միայնակ փնտրի ու գտնի։
Նարե Գնունի