Փաշինյանը չցանկացավ «մնալ կայսրության ավերակների տակ», ու միտումնավոր երկիրը մտցրեց փակուղի․ Մաթևոսյան

Փաշինյանը չցանկացավ «մնալ կայսրության ավերակների տակ», ու միտումնավոր երկիրը մտցրեց փակուղի․ Մաթևոսյան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը կարծում է, որ Ուկրաինայի համար իրավիճակը կարող է վատթարանալ, եթե Արևմուտքը չավելացնի զենքի մատակարարումները։ Նրա կարծիքով, Կիևը գտնվում է «կրիտիկական իրավիճակում» և պետք է պատրաստվել վատ լուրերի։ 

Ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։ Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ երբ 2022 թվականի սեպտեմբերին ռուսական զորքերը լքեցին Խարկովը, նոյեմբերին՝ Խերսոնը, հենց այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը որոշեց «լքել խորտակվող ռուսական նավը», և սա ոչ թե իր խոսքերն են, այլ որոշ շրջանակների մեջբերումն է:

Այսինքն՝ հենց այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը, փաստացի, որոշեց հրաժարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրից, իսկ հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։

«Իսկ Փաշինյանի, նրա քաղաքական թիմի, նրան սպասարկող ԶԼՄ-ների ու փորձագետների ողջ հետագա արտաքին քաղաքական մարտավարությունը կառուցված էր այն հիմքի վրա, թե «ռուսական նավը խորտակվում է» և անհրաժեշտ է «լուսավոր Արևմուտքի գնացք նստել»՝ փլուզվող կայսրության փլատակների տակ չհայտնվելու համար»...և դարձյալ արտահայտությունն իմը չէ»,- նշեց մեր զրուցակիցը։

Քաղաքագետի խոսքով՝ արցախահայությունն արդեն վճարել է ամենաբարձր գինը աշխարհաքաղաքական այս անմեղսունակության համար, բայց հարց է նաև, թե ինչպիսին կլինի Փաշինյանի պահվածքը ուկրաինական ճակատում իրավիճակի բեկումնային պահից սկսած, Ռուսաստանի Դաշնության և Ռուսաստանի շուրջ իրավիճակի շրջադարձից հետո դիվանագիտական դաշտում։

Նրա խոսքով՝ հարցը շատ ավելի լուրջ է, քան կարող է թվալ առաջին հայացքից, և դրանից է կախված ողջ երկրի և Հայաստանի յուրաքանչյուր բնակչի անվտանգությունը։

Ակնհայտ է, որ ուկրաինական կոնֆլիկտը նոր երանգներ է ձեռք բերում, Ռուսաստանն էլ ավելի մեծ ներուժով պետք է անի իր խաղադրույքները: Իսկ ի՞նչ վտանգների առաջ կհայտնվի այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը, ինչպիսի՞ն կլինի Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականությունը։

«Թուրքիայի և Ադրբեջանի գործոնը մի կողմ եկեք դնենք, քանի որ այստեղ ավելի հետաքրքիր է ՀՀ իշխանությունների պահվածքը, որովհետև մենք շաղկապել ենք մեր արտաքին քաղաքականությունը ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հետ։ Ու իշխանամերձ օղակը շարունակում է օգտագործել իր քարոզչամեքենան և ասել, որ միայն շրջադարձը Ռուսաստանից կարող է փրկել Հայաստանը»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Վերջին շրջանում, քաղաքագետի խոսքով, Ադրբեջանում հակառուսականության դոզան նվազել է ու այդ դոզայի նվազումը ամենևին էլ պայմանավորված չէ նրանով, որ Ադրբեջանն Արևմուտքից կարողացել է ստանալ առավելագույնը, այլ Ադրբեջանը շատ պարզ տեսնում և հաշվարկում է ուկրաինական թատերաբեմում տեղի ունեցող իրավիճակն ու բոլոր խաղաթղթերն օգտագործում է, տեսնելով, որ անգամ Արևմուտքի լուրջ աջակցության ներքո Ուկրաինան չկարողացավ իր ուզած հաղթանակներին հասնել: Այսինքն՝ կրկնվում է 1920թ-ի պատմությունը։

«Իմ բոլոր խոսքերն ամենևեին չափազանցացված չեն, ռազմավարական կուրսը, որը Փաշինյանը սկսեց ագրեսիվ և բացահայտորեն իրականացնել 2022 թվականի աշնանը։ Թվում է՝ ոչ միայն ծիծաղելի, այլև վտանգավոր։ Հայաստանի իշխանությունները ցանկանում են «գնալ գնացքով», որը, պատկերավոր ասած, վաղուց արդեն գնացել է։ Նա, ով չցանկացավ «մնալ կայսրության ավերակների տակ», միտումնավոր իր ձեռքով երկիրը մտցրեց փակուղի...»,- շեշտեց մեր զրուցակիցը։ 

Ապա հավելեց. «Եվ նրանք դեռ անկեղծորեն զարմացած են, թե ինչու Ադրբեջանը, որպես հաղթող, վեհանձնություն չի ցուցաբերում, նույնիսկ ստանալով Արցախը՝ Ալիևը հրաժարվում է հաշտության պայմանագիր կնքել։ Իսկ Թուրքիան Արցախի հանձնումից հետո դեռ չի բացել Հայաստանի հետ սահմանը»:

Մարիա Զարգարյան