ՊՊԾ-ն կարծես համաձայն չէ Հայաստանի ԵՄ անդամագրմանը ու վայրագորեն ներխուժում է ԱԺ-ում լրագրողների օթյակ

Թվում է, թե գալիս է մի տարիք, երբ մարդն այլևս ինքնահաստատման կարիք չի ունենում, սակայն բավական է մի ազդակ, որը շատերի դեպքում կապացուցի, որ տարիքն ամենևին կապ չունի, պարզապես հանգամանքները նպաստավոր չէին։ Շատ ՔՊ-ականներ, բարձրաստիճան պաշտոնյաներ ու հատկապես Անդրանիկ Քոչարյանը հենց այն դեպքն են, որոնց պարագայում տարիքն անզոր է, պարզապես պետք է բարենպաստ հող։
Շատերը կհիշեն, երբ ԳՇ պետը լրագրողներին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում համեմատեց ադրբեջանցիների հետ, հայտարարելով, որ «ադրբեջանցիներին հաջողվեց թափանցել ՀՀ սահմանները ճիշտ այնպես, ինչպես ձեզ հաջողվեց մոտենալ ինձ»։ Փաստորեն, Էդվարդ Ասրյանին իր անձը պետության հետ նույնացնելու համար պակասում էր միայն ԳՇ պետի պաշտոնը ու նշանակվելուց հետո բոլորս պետք է փաստենք, որ նրա ու Հայաստանի Հանրապետության անվտանգությունը նույնական են, այսինքն երկուսն էլ խոցելի։
Իսկ Խաչատուր Սուքիասյանը գրեթե բոլոր ճեպազրույցների ժամանակ իրեն նույնացնում է ԵՊՀ որևէ դոկտոր պրոֆեսորի հետ ու նախքան բուն հարցին պատասխանելը հանդես է գալիս դասախոսությամբ ու լրագրողներին խրատելով։
Շատ ՔՊ-ականներ պատասխանելով լրագրողների հարցերին, երբեմն մտովի իրենց պատկերացնում են Ջեֆերսոն կամ Շառլ դը Գոլ, քաղաքական երկնային ասուպ կամ հոգեդարձ եղած Արիստոտել ու խոսում են այնպիսի վերամբարձ տոնով, որ կարող են առաջացնել ցանկացած գերտերության նախկին ու ներկա բոլոր ղեկավարների նախանձը։
Սակայն Անդրանիկ Քոչարյանի հոգեվիճակն առավել ծանրն է։ Ընդամենը մի մանդատն այդ մարդուն նետել է վաղ պատանեկության տարիք ու զրկել ադեկվատությունից։
Տպավորություն է, որ նա միշտ, երբ շփվում է լրագրողների հետ, հիշում է մանկության տարիներին կրած ինչ-որ վիրավորանքի մասին ու փորձում այն կոմպենսացնել լրագրողներին վիրավորելով։ Նույնիսկ այն դեպքերում, երբ թվում է, թե պատրաստվում է նորմալ պատասխանել լրագրողների հարցերին, միանգամից ստանձնում է իր սեփական մամուլի խոսնակի դերը ու միաժամանակ թե' հերթ է սահմանում, թե' շատերին զրկում է հարց տալու իրավունքից։
Սակայն այն պահվածքը, որը նա օրերս դրսևորեց լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ, իհարկե բոլոր չափ ու սահմանի անցում էր։ Քաղաքակիրթ երկրում նման պահվածքին միանգամից կհաջորդեր հրաժարականը, սակայն ժողովրդավարական բաստիոն կոչվող Հայաստանը այլ պատկերացումներ ունի իրական ժողովրդավարության հետ։
«Իրական Հայաստանում» «իրական ժողովրդավարությունն» ու խոսքի ազատությունը տարածվում է միայն իշխանական պատգամավորների վրա, իսկ լրագրողները դուրս են այդ ժողովրդավարության շրջանակներից ու նույնիսկ պաստառ պարզելու իրավունք չունեն։
Այսօր լրագրողները ԱԺ-ում իրենց հատկացված օթյակում ցանկանում էին պաստառ պարզել, որը ցանկացած քաղաքակիրթ երկրում համարվում է իրավունքների իրացման տեսանկյունից նորմալ գործընթաց, սակայն այդ պարզ ակցիան արժանացավ իրավապահ մարմինների կոշտ արձագանմանը ու ՊՊԾ աշխատակիցները ներխուժելով օթյակ, պարզապես խլեցին այդ պաստառը։
Ի դեպ, սա, եթե չեմ սխալվում, երկրորդ դեպքն է, երբ ՊՊԾ գնդի աշխատողները ներխուժում են լրագրողների համար նախատեսված օթյակ ու ուժ կիրառում այնտեղ գտնվողների նկատմամբ։ Իհարկե, առաջին դեպքը շատ ավելի վայրագ էր, քան երկրորդը, բայց դրանից ընդհանուր պատկերը չի փոխվում։
Հատկանշական է, որ ՊՊԾ աշխատակիցները ներխուժեցին օթյակ այսօր, երբ ժամեր առաջ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը։ Հավանաբար ՊՊԾ-ն այդքան էլ համաձայն չէ այդ որոշման հետ ու ցանկանում է ապացուցել, որ մենք դեռևս բավականաչափ չենք հասունացել ԵՄ անդամագրման համար։
Կարեն Կարապետյան