Քսան հոգու ապրելու հույսը գուցե վերականգնվի. Էջմիածնի քաղաքապետարանը միացել է գործին

Քսան հոգու ապրելու հույսը գուցե վերականգնվի. Էջմիածնի քաղաքապետարանը միացել է գործին

Նոյեմբերի 30-ին MediaHub.am-ը «Երբ կյանքի հույսն ու գույնը խլում են» վերտառությամբ նյութ էր հրապարակել, որում ներկայացրել էինք Էջմիածնում գործող «Երջանկության ճանապարհ» ցերեկային խնամքի կենտրոնի առջև ծառացած ֆինանսական խնդրի մասին, որի պատճառով 18-65 տարեկան հատուկ կարիք ունեցող 20 քաղաքացի դեկտեմբերի մեկից մնալու էր առանց տանիքի։

Մեր նկարահանող խումբը ներկայացրել էր խնամքի կենտրոնում ապրող մարդկանց առօրյան, զրուցել այդտեղ կյանքի նոր գույն ստացած մարդկանց հետ։ Բացի այդ, մենք տեղեկացել էինք, որ կենտրոնի շահառուների ծնողները դիմում են գրել ու դիմել ՀՀ Կառավարությանը, որպեսզի ֆինանսավորում լինի և խնամքի կենտրոնը շարունակի գործել։

MediaHub.am-ն էլ իր հերթին դիմել էր Էջմիածնի քաղաքապետարան՝ հասկանալու, թե արդյո՞ք որևէ քայլ արվելու է համայնքային իշխանության կողմից՝ խնամքի կենտրոնը պահելու համար։

Նշենք, որ մեր զանգից հետո համայնքապետարանում ծանոթացան խնդրին, ապա մանրամասները ճշտելուց հետո տեղեկացրին, որ կենտրոնից որևէ դիմում համայնքապետին չի ներկայացվել։

«Միայն շահառուներից մեկի ծնողն է եղել համայնքապետարանում, այն էլ այլ խնդրով։ Մենք տեղեկացանք, որ խնամքի կենտրոնը ֆինանսավորվել է մի բարերարի կողմից ու դեկտեմբերի մեկից դադարեցրել է գործունեությունը։ Այսօր մենք կապվել ենք խնամքի կենտրոնի հետ, խնդրել մեզ ծախսերի բացվածքը ներկայացնել, որպեսզի հասկանանք՝ ինչ գումարի մասին է խոսքը։ Համայնքապետարանն, իհարկե, միայնակ չի կարող ֆինանսավորում իրականացնել, բայց մենք էլ ենք ուզում, որ խնամքի կենտրոնը շարունակի գործել։ Հիմա սպասում ենք ծախսերի բացվածքը ներակայացնելուն։ Դրանից հետո մենք նաև կուղղորդենք կառույցի տնօրինությանը, թե ում է պետք դիմել, որ կառույցներին պետք է դիմումներ ներկայացնել»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետի մամուլի քարտուղար Սիրանուշ Գևորգյանը։

Նա տեղեկացրեց, որ կառույցից խոստացել են մեկ-երկու օրում ներկայացնել իրենց ծախսերի բացվածքը։

Նարե Գնունի