Միքայել Արզումանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով

Միքայել Արզումանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Դեկտեմբերի որոշում է, այս գործի մասով այլ բան ասել չեմ կարող»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսի 30–ին հայտնի դարձավ, որ Միքայել Արզումանյանը ձերբակալվել է Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։

Ըստ ՔԿ-ի` քննչական ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել է, որ գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Օգոստոսի 31–ին Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացավ և նա ազատ արձակվեց, սակայն միաժամանակ հայտնի դարձավ, որ Արզումանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Ավելի ուշ Արզումանյանը կալանավորվել էր։

Արզումանյանը ՊԲ հրամանատար նշանակվեց 44-օրյա պատերազմի վերջին փուլում՝ 2020թ. հոկտեմբերի 27-ին` փոխարինելով Ջալալ Հարությունյանին, պաշտոնից ազատվեց 2021թ. սեպտեմբերին։

 

Լիաննա Թորոսյան