Հայաստանի պետական պարտքը հատել է 11 միլիարդ դոլարի շեմը

Հայաստանի պետական պարտքը հատել է 11 միլիարդ դոլարի շեմը

Հայաստանի պետական պարտքը 2023 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է մոտ 11 մլրդ 352 մլն դոլար։ Ինչպես ցույց են տալիս Ֆինանսների նախարարության տվյալները, տարեսկզբի համեմատ պարտքն աճել է 714 մլն դոլարով կամ 6.7%-ով, գրում է «Հետք»-ը։

Ներքին պետական պարտքն ավելի արագ է աճում, քան արտաքին պարտքը։

Հայաստանի արտաքին պետական պարտքը հուլիսի վերջի դրությամբ կազմել է 6 մլրդ 663 մլն դոլար, որը այս տարվա յոթ ամիսների ընթացքում աճել է 218 մլն դոլարով կամ 3.4%-ով։

Արտաքին պարտքի հիմնական մասը միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից ստացված վարկերն են։ 

Հայաստանը շարունակում է նոր վարկեր ներգրավել սոցիալ-տնտեսական ծրագրերն իրականացնելու համար։ Այս տարվա ապրիլին Հայաստանի կառավարության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջև ստորագրվել է նոր վարկային համաձայնագիր՝ «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» անվամբ։ Վարկի ընդհանուր գումարը կազմել է 92 մլն եվրո։ 

Նույն ընթացքում ավելի մեծ տեմպով աճում է ներքին պարտքը։ Այս տարվա յոթ ամիսներին ներքին պարտքն ավելացել է 496 մլն դոլարով՝ 11.8%-ով և կազմել 4 մլրդ 688 մլն դոլար։ 

Ընդհանուր պարտքը 11 մլրդ դոլարի շեմը հատել է մայիսից։ 

Չնայած ավելի արագ աճին՝ ներքին պարտքը դեռևս ավելի փոքր է արտաքին պարտքից։ Կառավարությունը համարում է, որ ներքին պարտքի տեսակարար կշռի մեծացումը նպաստում է փոխարժեքի ռիսկի նվազեցմանը: Ներքին պարտքը տրվում և սպասարկվում է ՀՀ դրամով ու դրամ/դոլար փոխարժեքի տատանումների բացասական ազդեցություններից զերծ է մնում։

Մյուս կողմից էլ, սակայն, դա հանգեցնում է տոկոսադրույքի ռիսկի աճի և պարտքի սպասարկման ծախսերի աճի, քանի որ ներքին պարտքի տոկոսադրույքները, եթե ոչ միշտ, ապա հաճախ ավելի բարձր են լինում: 

Պետական պարտքի աճին զուգահեռ ավելանում են նաև պարտքի տոկոսավճարները։ 

Ըստ Ֆինանսների նախարարության՝ 2023 թվականի հունվար-հուլիսին պարտքի տոկոսավճարներին պետական բյուջեից ուղղվել է մոտ 126 մլրդ դրամ, որից 74 մլրդ դրամը ներքին պարտքի գծով տոկոսավճարներն են, մոտ 52 մլրդ դրամը՝ արտաքին պարտքի գծով է։