Թուրքերը հայերի հետ հայկական եկեղեցում են գիշերում․ Ուդի Երվանդը՝ Տիգրանակերտում իրավիճակի մասին

Թուրքերը հայերի հետ հայկական եկեղեցում են գիշերում․ Ուդի Երվանդը՝ Տիգրանակերտում իրավիճակի մասին

Դժվար ժամանակներ են, չգիտեմ, թե ինչ սպասենք, ինչ անենք։

Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Տիգրանակերտի (Դիարբեքիր) հայ համայնքի ներկայացուցիչ Երվանդ Բոստանջյանը, որն ավելի հայտնի է Ուդի Երվանդ անունով։ 

«Հայ համայնքը նորմալ է, բայց մեր համայնքից երգչուհի Զիլան Տիգրիսին կորցրինք, շատ մոտ ընկերներ էինք։ Երկրաշարժից առաջ էի հանդիպել իրեն, ահավոր ցավ էր, որին չենք համակերպվում»,-ասաց նա։ 

Ուդի Երվանդի խոսքով՝ ծանր գիշերներ են անցնում.

«Ես հիմա իմ բնակարանում եմ, ինձ հետ էլի ընտանիքներ կան այս տանը։ Շատերը տեղափոխվել են մոտ գյուղեր։ Տիգրանակերտում շատ մեծ եկեղեցի կա՝ Սուրբ Կիրակոսը, հայերն էլ, թուրքերն էլ այնտեղ են գիշերում, թուրքերից շատերը նաև տեղավորվել են սրճարաններում։ Զոհերի թիվը երեկ 26 հազար ասացին, բայց հնարավոր է, որ 40 հազարն էլ անցնի։ Այդ օրն անտանելի էր, ես ու ծնողներս քնած էինք ու արթնացել ենք այդ ցնցումներից։ Տանս, սակայն, ոչինչ չի եղել, եկել են, ստուգել՝ հասկանալու, կարող ենք այստեղ ապրել, թե պետք է լքենք, ասացին, որ նորմալ է, կարող ենք մնալ»։ 

Բոստանջյանը նշեց, որ կինն ու երեխաներն ԱՄՆ-ում են և ուրախ է, որ ընտանիքն այդ ամենը չի տեսել։

«Իրականում, դրական եմ գնահատում այն քայլը, որ Հայաստանն օգնության ձեռք մեկնեց Թուրքիային, բարդ ժամանակներ են և այս ամենի ֆոնին թշնամանքը մոռանում ես, որովհետև մարդկային կյանքն է կարևոր։ Հույներն էլ օգնեցին և սա ճիշտ է»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ Հայաստանից Թուրքիա մեկնած որոնողափրկարարական թիմը շարունակում է աշխատել Ադըյաման քաղաքում։ Հայաստանից Թուրքիա 27 հոգանոց որոնողափրկարարական թիմ ուղարկելուց հետո, ՀՀ-ն 100 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել աղետի գոտի։

Օգնությունն Ադըյաման է հասել Հայաստանը Թուրքիային կապող ամենակարճ ավտոճանապարհով՝ Մարգարայի կամրջով, որը փակվել է 1993 թվականին։

Լիաննա Թորոսյան