100 հազար դրամով տուն ենք փնտրում, ասում են, որ այդ գնով շան բուն կարող ենք վարձել․ քաղաքացիները՝ անտանիք մնալու խնդրով

100 հազար դրամով տուն ենք փնտրում, ասում են, որ այդ գնով շան բուն կարող ենք վարձել․ քաղաքացիները՝ անտանիք մնալու խնդրով

Մի քանի օր է՝ MediaHub.am-ի հեռախոսը չի լռում․ քաղաքացիներն ահազանգում են՝ տանտերերը ստիպում են բնակարան վարձակալած անձանց կա՛մ լքել տները, կա՛մ ավելի շատ վճարել դրանց համար։

«Մի սենյականոց տան համար 130 հազար ու ավելի գումար են պահանջում։ Բայց Հայաստանի պայմաններում ո՞վ կարող է մեկ սենյականոցի համար այդքան գումար տալ»,- մեզ հետ զրույցում ասաց Լուսինե Խուդինյանը, ում երեք հոգանոց ընտանիքը ստիպված է լքել բնակարանը, քանի որ տանտերը որոշել է վերանորոգել այն ու 120 հազար դրամի փոխարեն մոտ 160 հազար դրամով տալ վարձակալության։

Լուսինեի խոսքով՝ եթե Արցախյան վերջին պատերազմից հետո մեկ սենյականոց բնակարանի գինը 60-70 հազարից դարձավ 100 հազար, իրենք որևէ բան չասացին, քանի որ հասկանում էին՝ ինչ վիճակում է երկիրը, ինչ է կատարվում։

«Հետո նոր թանկացումներ եղան, 120 հազար դրամի հասավ մեկ սենյականոցի գինը, էլի լռեցինք՝ մտածելով, թե կկարգավորվի վիճակը, բայց հիմա մեկ սենյականոցի համար առնվազն 160 հազար դրամ են պահանջում։ Երբ հարցնում ես՝ ինչո՞ւ եք նման գին պահանջում, այնպիսի մուննաթով ու հեգնանքով են պատասխանում, որ չգիտես՝ ինչ ասես»,- ներկայացնելով դրությունը՝ ասաց Լուսինեն։

Նա պատմեց, որ օրը մի քանի բրոքերի հետ է խոսում, և նույն պատասխանն է լսում՝ ամենաէժանը 140 հազար դրամն է, դրանից ցածր գնով տուն գտնել չի լինի։

«Հիմա տարբերակներ ենք փնտրում, հավատացեք, շատ դժվար է նորմալ գնով տուն ճարելը։ Սա միայն իմ ու իմ ընտանիքի խնդիրը չէ։ Կան մարդիկ, որ երկու-երեք երեխա ունեն, ու տանտերերը բացի այդ գնով տուն տալուց, մի բան էլ պահանջ են ներկայացնում, որ երեխա ունեցող ընտանիքներին տուն չեն տալիս»,- ասաց նա։

Ըստ Լուսինեի՝ պետք է օրենքով կարգավորվի հարցը, պետք է որևէ լուծում պետությունը ներկայացնի, որ իր բնակիչների համար գոնե ապրելու պայման ստեղծվի։

«Ում ասես դիմել ենք, բոլորը նույնն են ասում, որ խնդիրը իրենց տիրույթում չէ, լավ, ի վերջո, ի՞նչ կարող է անել քաղաքացին, որ 150-200 հազար դրամ աշխատավարձ է ստանում։ Մեզ ասում են, թե գիտեք ինչ, ամեն բան թանկացել է, բնակարաններն էլ են այդ ֆոնին թանկացել, բա մենք ո՞նց անենք, որ հա՛մ բնակարանի վարձ ենք տալիս, հա՛մ մյուս թանկացած ապրանքներից օգտվում»,- նեղսրտեց Լուսինեն։

Մեր մեկ այլ զրուցակցի էլ՝ Զինա Բայրոյանին, ասել են, որ լքի երկսենյականոց բնակարանը, որի համար ինքն ու քույրը վճարում են 100 հազար դրամ գումար։

«Մարտ ամսից այդ տանն ենք ապրում, հիմա տանտերը, իր երեխայի միջոցով մեզ տեղեկացնում է, որ պետք է տունն ազատենք՝ պատճառաբանելով, թե իրենք են գալու այդ տանն ապրելու։ Հիմա մեզ մինչև օգոստոսի մեկն են ժամանակ տվել, ու չգիտենք, թե ինչ ենք անելու»,- նշեց նա։

Տիկին Զինայի խոսքով՝ իրենք լսել են, որ այդ նույն տունը տանտերն ուզում է 200 հազար դրամով տալ վարձով։

«Հիմա, որ 100 հազար դրամով տուն ես ուզում, այնքան կոպիտ են պատասխանում։ Մեկն ինձ այն օրը ասաց, որ եթե 100 հազար դրամով ենք տուն ուզում, պիտի շան բուն գտնենք ու ապրենք»,- պատմեց տիկին Զինան, ապա նշեց, որ հիմա պատրաստվում են իրենց տան տիրոջը խնդրել, որ գոնե մեկ ամիս հավելյալ ժամանակ տա։

Լավ փնտրելու դեպքում քաղաքացիները կարողանում են 120-130 հազար դրամով երկսենյականոց բնակարաններ գտնել։ Օրինակ՝ մեր զրուցակից Նատա Բադալովան գտել է նմանատիպ երկու տուն, բայց, իր խոսքով, դրանք ավելի շուտ խոզանոց էին հիշեցնում։

«Երեք սենյականոց բնակարանի համար մենք այս պահին 120 հազար դրամ ենք վճարում, ու այդ տունն ամեն ինչ ունի, իսկ հիմա այդ գնից էլ բարձր գնով տուն ենք գտնում, պարզվում է՝ ոչ մի հարմարություն չկա, փնթի, անմխիթար վիճակ է»,- պատմեց նա։

Նատան պատմեց, որ մինչև սեպտեմբեր իրենք պետք է լքեն զբաղեցրած բնակարանը, իսկ տուն գտնելու հույս ուղղակի չկա։ «Եթե բրոքերի միջոցով գտնենք, առնվազն 1000 դոլար պետք է։ Հիմա շատ բարդ է, աբսուրդ է»,- ասաց նա։ Անգամ այս դեպքում Նատան հրաժարվում է որևէ պատկան մարմնի դիմել, քանի որ վստահ է՝ ոչ ոք այդ հարցին լուծում չի տալու։

«Հիմա «պետք է» սկզբունքն է ինձ մոտ, չգիտեմ ոնց, բայց պետք է գտնեմ տուն»,- նշեց նա։

Մեր երեք զրուցակիցներն էլ հույս ունեն, որ տանտերերի խիղճը մի պահ կարթնանա, և նրանք կհասկանան՝ ռուսների ու ուկրաինացիների համար պետք է հայ ընտանիքներին դրսում՝ առանց տանիքի թողնել։

Նարե Գևորգյան