Տաթևիկ Վիրաբյանի փաստաբանները տեղեկացրել են վերջինիս առողջական վիճակի վատթարացման մասին

Տաթևիկ Վիրաբյանի փաստաբանները տեղեկացրել են վերջինիս առողջական վիճակի վատթարացման մասին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են դիմել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Տաթևիկ Վիրաբյանի փաստաբանները՝ տեղեկացնելով իրենց պաշտպանյալի առողջական վիճակի վատթարացման մասին:

Պաշտպանի կողմից անմիջապես ձեռնարկվել են օրենքով նախատեսված անհրաժեշտ միջոցներ, ինչի արդյունքում կազմակերպվել են նաև նեղ մասնագիտական բժշկական խորհրդատվություններ:

Բացի այդ, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Պաշտպանի հանձնարարությամբ «Աբովյան» ՔԿՀ չհայտարարված այցի ընթացքում ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ Տաթևիկ Վիրաբյանի հետ:

Վերջինիս հետ տեղի է ունեցել առանձնազրույց, Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են Տ. Վիրաբյանի առողջական վիճակին, ուսումնասիրել իրավունքների ապահովմանն առնչվող հարցերը, այդ թվում՝ անհրաժեշտ փաստաթղթերը, պահման պայմանները և այլն:

Քննարկումներ են տեղի ունեցել նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և բժշկական անձնակազմի հետ։