Փաշինյանի թիմի խուճապը
«Ցավում եմ, որ Ադրբեջանը հերթական անգամ իրեն նման ապակառուցողական ձևով է դրսևորել և հերթական անգամ տորպեդահարել է խաղաղության գործընթացը», - հայտարարել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
Խոսքն այն մասին է, որ Բաքուն, ըստ էության, մերժել Փաշինյանի առաջարկը՝ ստորագրել խաղաղության պայմանագիրն արդեն իսկ համաձայնեցված դրույթներով, իսկ մնացածի մասով շարունակել քննարկումները։
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Փաշինյանի այդ առաջարկն ինքնին տրամաբանական չէր, որովհետև խախտվում էր դիվանագիտության կարևոր սկզբունքը՝ քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչինչ համաձայնեցված է չէ:
Փաշինյանի և նրա թիմի համար Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն ինքնին նպատակ չէ, այլ միջոց է, լեգիտիմ առիթ, ինչի շնորհիվ նրանք ցանկանում են 2026-ին վերարտադրել իրենց իշխանությունը:
Ուրեմն, ՔՊ գործիչների խուճապը հենց սրա հետ է կապված:
Նրանց ամենևին էլ չի հետաքրքրում հնարավոր պայմանագրի որակը, նրանց պետք է թեկուզև դատարկ մի թուղթ, որի վրա գրված կլինի «խաղաղություն»: Դա դառնալու է Փաշինյանի «լեգիտիմության թուղթը»: Ալիևը, սակայն, դրա համար Փաշինյանից նոր գին է ուզում...
Վահրամ Բագրատյան