Եթե Դուք շատ եք ուզում, էդ ուղղությամբ կմտածեմ․ Արագածոտնի մարզպետը պատրա՞ստ է՝ մի դիմում էլ ինքը գրի

Նիկոլ Փաշինյանի՝ մարզեր կատարած այցերը վատ են ավարտվում այդ մարզերի ղեկավարների համար։ Օրինակ՝ Լոռու մարզ կատարած այցից հետո մարզպետի պաշտոնից «սեփական դիմումի համաձայն» ազատվեց Արամ Խաչատրյանը։ Նրա հետ նույն օրը ազատվեց նաև քաղշին կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։
Արմավիրի մարզ կատարած այցն էլ ճակատագրական եղավ այդ մարզի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի համար՝ հաջորդ օրն էլ նա ազատվեց պաշտոնից։ Պատճառը դպրոցների շինարարության մեջ Փաշինյանի հայտնաբերած թերություններն էին՝ մի տեղ կախիչը լավ չէր ամրացրած, մեկ այլ տեղ ֆուտբոլի դաշտը ջրի մեջ կորած էր, ու Փաշինյանը՝ սեփական կամքով, իսկ նրան ուղեկցող պաշտոնյաներն էլ՝ ճարահատյալ ջրի մեջ ճպճպալով էին քայլում, մի ուրիշ դրվագում էլ լոգասենյակի ցնցուղը Փաշինայնին դուր չէր եկել։
Հերթը Արագածոտնի մարզինն էր, որի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, սակայն, «լավ պրծավ»՝ Փաշինյանի «արշավանքների» տակ չընկավ, որովհետև այս անգամ այցը մշակութային էր։
«Շատ լավ էր, ամեն ինչ լավ ա անցել, մեզ մոտ միջոցառումը մշակութային էր, շատ ընտիր անցել ա, վարչապետն էլ շատ գոհ ա գնացել»,-Mediahub-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Մովսիսյանը։
-Դա տեսանք, որ Արուճ գյուղի եկեղեցում Սուրբ Ծննդյան համերգի է ներկա գտնվել։ Իսկ շինարարության ստուգումներ չե՞ն եղել։
-Մեզ մոտ միշտ էլ լինում ա, անցած տարի էլ՝ դպրոցների հետ կապված, վարչապետն այցելել էր, գնացել Օհանավանի դպրոցի բացումն արել ենք։
-Այսինքն՝ չեք ուզում մի դիմում էլ Դուք գրեք։
-Եթե Դուք շատ եք ուզում, էդ ուղղությամբ կմտածեմ։ Վարչապետի հանձնարարականներն ու որոշումները ես չեմ քննում, եթե անհրաժեշտություն լինի՝ պատրաստ եմ ցանկացած տեղ աշխատել կամ տանը մնալ․ ոչ մի խնդիր չեմ տեսնում։
-Իսկ ինչպե՞ս եք գնահատում մյուս մարզեր այցն ու հենց այդ այցից հետո մարզպետների ազատումը։
-Ես չեմ գնահատողը, գնահատողը վարչապետն ա՝ իր գնահատականը արդեն տվել ա։
-Իսկ մարզում կատարվող շինարարությունների համար մարզպետնե՞րն են պատասխանատու, թե՞ կոնկրետ ոլորտի ղեկավարները, օրինակ՝ կրթության նախարարը։
-Պատվիրատուն կազմակերպությունն ա, նաև վերահսկող կազմակերպությունը, բայց երևի վարչապետի խոսքը լսել եք՝ մարզում կատարվող ցանկացած շինարարության մասով մարզպետը պիտի կողքի կանգնած չմնա, էլի։ Այսինքն, եթե ոչ ուղղակի, ուրեմն անուղղակի մարզում ցանկացած շինարարություն վերաբերում ա մարզպետին։
-Իսկ ձեր մարզում շինարարությունների մասով Դուք ինչքանո՞վ եք հետևողական, որ խնդիրներ չլինեն, օրինակ՝ կախիչը չպոկվի, «դուշի» գինը ճիշտ լինի, այլ խնդիրներ չլինեն։
-Իմ ֆիզիկական հնարավորությունների սահմանում՝ մաքսիմալ, մեր գործիքակազմի մասով՝ մաքսիմալ։
-Իսկ եթե կրթության նախարարությունն է դպրոցների մասով պատվիրատուն, մարզպետն այդտեղ ուղիղ պատասխանատվություն ունի՞։
-Նայած շինարարություն․ կարա կրթության նախարարությունը չլինի, կարա լինի քաղշինկոմիտեն, կարա լինի մարզպետարանը, պարտադիր չի, որ ԿԳՄՍՆ-ն լինի։
-Նկատի ունեմ, եթե մարզպետարանը չի լինում պատվիրատուն, ճի՞շտ է, որ մարզպետը դրա պատասխանատվությունը կրի և կուժ-կուլան իր գլխին ջարդվի։
-Եղբայր ջան, էդ եմ ասում՝ որոշում կայացնողը ոչ թե Դուք եք, ոչ թե ես եմ, այլ վարչապետն ա։ Վարչապետը որ որոշումը տենց կայացրել ա, ի գիտություն պիտի ընդունեք՝ հա՛մ Դուք, հա՛մ ես։ Ինչ վերաբերում ա իրավական առումով, ասացի՝ իրավական առումով պատվիրատուն պիտի հետևողական լինի։ Ու նաև ցանկացած շինարարություն ունենում ա վերահսկող, որ գումար ա ստանում, որ հսկի աշխատանքները։ Բայց, սենց, թե նենց, հիմա, որ Ձեր տանը գործ են անում, կապ չունի, չէ, որ մարդ եք նշանակել, որ հետևողական լինի, Դուք պիտի սրտացավ լինեք, չէ՞, գնաք-գաք։ Ես նկատի ունեմ, որ եթե մարզպետը ոչ ուղղակի, ապա անուղղակի ձևով պիտի ինքն իր մասնակցությունն ու հետևողականությունը ցուցաբերի․ վարչապետի ասածը դա էր։
-Հիմա մյուս մարզպետները, որ ազատվեցին, այդքան սրտացավ չե՞ն գտնվել։
-Ես հիմա ի՞նչ գնահատական տամ իմ կոլեգաների կամ նախկին կոլեգաների մասին, ես ի՞նչ իրավունք ունեմ գնահատական տամ։
-Իսկ խոսե՞լ եք նրանց հետ, իրենց ազատման պատճառները Ձեզ հայտնի՞ են, թե՞ հենց դա էր, ինչ նշվում էր։
-Դե, կարիքը չեմ տեսնում, հենա՝ վարչապետն ասել ա, առանձին նորից ի՞նչ խոսեմ։ Ինձ համար բավարար ա էն, ինչը ոնց որ Դուք տեսել եք լրատվականով։
-Վարչապետի ասածն օրենք է, վերջ, չի՞ քննարկվում այլևս։
-Պետական համակարգում՝ ինչի՞ մասին է խոսքը, ու իմ պարագայում նաև քաղաքական թիմի մասով էլ, քանի որ նաև ես քաղաքական թիմի անդամ եմ, կուսակցության մաս եմ կազմում։
-Իսկ Ձեր աշխատանքից գո՞հ է Փաշինյանը։
-Էդ հարցի պատասխանը ես ո՞նց կտամ։ Նման խոսակցություն չի եղել։
Վահե Մակարյան