Միակ հույսն այն է, որ Ավինյանն անձամբ իր Mercedes-ով ընկնի փոսը կամ հայտնվի խցանման մեջ, որ խնդիրը լուծեն

Միակ հույսն այն է, որ Ավինյանն անձամբ իր Mercedes-ով ընկնի փոսը կամ հայտնվի խցանման մեջ, որ խնդիրը լուծեն

Արխիվային լուսանկար

 

Տիգրան Ավինյանի ու իր թիմի ղեկավարած մայրաքաղաք Երևանի փողոցները վաղ առավոտից կաթվածահար վիճակում են։ Հատկապես խայտառակ խցանում է առաջացել Մյասնիկյան պողոտայում, և մարդիկ գրում են, որ 5 րոպեի ճանապարհն անցնում են 1.5 ժամում, որովհետև ինչ-որ տեղ փոս են փորել ու չեն լցրել։ 

Սա Երևանի քաղաքապետարանի պարագայում նորմալ երևույթ է, երբ շատ անհարմար պահի շատ անհարմար տեղ կարող են փոս փորել ու օրերով չլցնել՝ առաջացնելով խցանում։ Սա նաև կառուցապատողների մեղքով է, որը փոխկապակցված է քաղաքային իշխանությունների անփույթ ու ոչ ճիշտ կազմակերպված աշխատանքի հետ։

Մյասնիկյանը շրջանցողները, սակայն, հայտնվում են մյուս փողոցներում խցանումների մեջ, որովհետև միայն Մյասնիկյանում չէ, որ փոս են փորել ու այդպես թողել, այլ հատվածներում էլ պակաս փոսառատ վիճակ չէ։ Սրան գումարվում է նաև պարեկային ծառայության «չաշխատանքը», քանզի մեր անցած ճանապարհի որևէ հատվածում պարեկային ծառայություն չնկատեցինք, որ փորձեին կարգավորել խցանված խաչմերուկները։ Այլ հատվածներում գուցե պարեկներ եղել են, բայց փաստ է, որ ռադիոյով, ֆեյսբուքյան գրառումներով համատարած տեղեկացնում են ամբողջ քաղաքով մեկ խցանումների մասին։ Ու եթե բախտդ բերում է, ու գտնում ես քիչ թե շատ չխցանված ճանապարհ, որ շրջանցես, մեկ էլ հայտնվում ես չգիտես ում բացած, և քաղաքապետարանի ու «Վեոլիա ջրի» չփակած դիտահորերի մեջ ընկնելու վտանգի տակ։

Օրինակ՝ Հրազդանի կիրճում իբր փոսալցում են արել, բայց այդ փոսալցնողները դրանց կողքը բաց դիտահորերը չեն նկատել, ու քաղաքացիները ստիպված դրանց մեջ անվադող ու ծառ են տնկել, որ վարորդները հեռվից նկատեն՝ չընկնեն մեջը։ Նույն պատկերը նաև Մոնթե Մելքոնյան փողոցում է։ Քիչ առաջ ռադիոյով հաղորդեցին, որ այդ հատվածում ևս բաց դիտահորեր կան, որոնց մեջ անվադող ու ծառ են տնկել։ Քաղաքապետարանին հարցնես՝ կասեն «Վեոլիա ջուրն» է սրա համար պատասխանատու, «Վեոլիայից» էլ, սովորաբար, ասում են ՝ քաղաքապետարանն է պատասխանատու։

Ու մինչ այս երկու կառույցներն իրար վրա են գցում պատասխանատվությունը, Հայաստանի հպարտ քաղաքացիները շարունակում են վնասներ կրել քաղաքային իշխանությունների և ոչ միայն նրանց փնթի, անպատասխանատու և ոչ պրոֆեսիոնալ կառավարման հետևանքով։ 

Հավանաբար, երբ մի անգամ Տիգրան Ավինյանի համար գնված թանկարժեք Mercedes-Benz-ն ընկնի այդ դիտահորերի մեջ կամ Ավինյանը երկու ժամ մնա խցանման մեջ, գուցե հասկանան, որ պետք է զբաղվել այս հարցերով։

 Վահե Մակարյան