Մի օր էլ հայ զինվորին ու սպային կհանձնի Ադրբեջանին․ Վրթանեսյանը՝ ԱԱԾ հաղորդագրության մասին

Մի օր էլ հայ զինվորին ու սպային կհանձնի Ադրբեջանին․ Վրթանեսյանը՝ ԱԱԾ հաղորդագրության մասին

ՀՀ ԱԱԾ-ն այսօր հաղորդագրություն տարածեց, որում, եթե պարզ հայերենով ասենք, նշված էր՝ քրեական գործ է հարուցվել Ներքին Խնձորեսկի հատվածում ծառայություն իրականացնող հայ սահմանապահի նկատմամբ, որը հատել է սահմանը հայ հովվի ոչխարները վերադարձնելու համար։

Այն, որ սահմանապահը կարգապահական խախտում է թույլ տվել, հասկանալի է, սակայն, հասկանալի չէ, թե այս դեպքում ո՞ւմ շահերն է պաշտպանում ՀՀ ԱԱԾ-ն։ Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ շատ էլ հասկանալի է, Ադրբեջանի շահերն է պաշտպանում ԱԱԾ-ն, որի անունը, ի դեպ, վաղուց պետք է փոխված լիներ։

«Ազգային անվտանգության ծառայություն եզրույթն այլևս գործածելի չէ, ազգային բառը պետք է հանել այստեղից։ Սա ապազգային կառույց է, որն Ադրբեջանի շահերն է պաշտպանում»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետը։

Նա նկատեց՝ քրեական գործ է հարուցվել հայ զինվորի նկատմամբ այն բանի համար, որ ինքը «հատել է սահմանը», բայց այստեղ մի բան պետք է հիշել՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե «ՀՀ սահմանն այս պահին դեռևս հստակ գծված չէ, ու պարզ էլ չէ՝ որն է մեր պետության սահմանը»։

«Սա մի բանի մասին է խոսում, որ այլևս ազգային շահը պահելու հետ կապ չունի այս կառույցը»,- նշեց Վրթանեսյանը։

Ռազմական փորձագետն ասում է՝ չի զարմանա, որ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը վաղն էլ Ադրբեջանին հանձնեն այն ռազմական գործիչներին, որոնք կռվել են հայրենիքը պաշտպանելու համար։

«Մի օր էլ հայ զինվորին ու սպային է հանձնելու Ադրբեջանին»,- ամփոփեց խոսքը Կարեն Վրթանեսյանը՝ ևս մեկ անգամ պնդելով, որ ԱԱԾ-ն այլևս ազգայինի հետ կապ չունի։

Նարե Գնունի