Ես չգիտեմ, թե այս խորհրդարանում ինչով պետք է զբաղվեմ․ Արթուր Վանեցյան

Այս պայքարը հանուն հայի, հանուն հայկականության է, այն հանուն իշխանության չէ։ Այդ մասին այսօր Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին՝ այս պայքարը իշխանափոխության համա՞ր է, թե՞՝ Արցախի։

Նրա խոսքով՝ այս պայքարը հզոր երկիր ունենալու համար է, ազատ ու անկախ Արցախ ունենալու համար է, հայի անվտանգության համար է։

«Այս նպատակին հասնելու համար պետք է այս իշխանություններին հեռացնենք»,- ասաց նա։

Մեկ այլ հարցի, թե արդյո՞ք «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները մանդատները վայր չեն դնի, Արթուր Վանեցյանը պատասխանեց՝ ասելով, որ իրենք փողոցում են, խորհրդարանում չեն, ժողովրդի հետ են, շփվում են մարդկանց հետ։

«Ես այլևս չգիտեմ՝ ինչ պետք է խոսեմ խորհրդարանում։ Մի խորհրդարանում, որտեղ հայտարարում են, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։ Ես չգիտեմ, թե այս խորհրդարանում ինչով պետք է զբաղվեմ։ Մանդատը վայր դնելը տեխնիկական հարց է։ Բայց այս իշխանությունը փոխվելու է խորհրդարանում, փողոցի ճնշմամբ, բայց խորհրդարանում»,- ասաց Արթուր Վանեցյանը։