Ֆիլիպ Կիրկորովը կարող է զրկվել Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչումից․ ո՞րն է պատճառը

Ռուսաստանցի փոփ երգիչ Ֆիլիպ Կիրկորովը կարող է զրկվել Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչումից՝ բլոգեր և հեռուստահաղորդավար Անաստասիա Իվլեևայի սկանդալային երեկույթին մասնակցելու համար։ Այս առաջարկով հանդես է եկել Անվտանգության և հակակոռուպցիոն դաշնային նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինը, հաղորդել է Mash տելեգրամյան ալիքը։
Բորոդինը դիմել է ՌԴ մշակույթի նախարարություն՝ խնդրելով Կիրկորովին զրկել ժողովրդական արտիստի կոչումից՝ Իվլեևայի միջոցառմանը բաց հանդերձանքով ներկայանալու համար։ Նա երեկույթի մասնակիցներին մեղադրել է ԼԳԲՏ քարոզչության համար (ԼԳԲՏ շարժումը ճանաչված է որպես ծայրահեղական կազմակերպություն և արգելված է Ռուսաստանում)։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իվլեևայի միջոցառմանը ամբողջովին մերկ հայտնված ռուս ռեփ կատարող Վասիոն (իսկական անունը՝ Նիկոլայ Վասիլև) ձերբակալվել է 15 օրով։ Արտիստի նկատմամբ մանր խուլիգանության արձանագրություն է կազմվել։ Բացի այդ, նրան պարտավորեցրել են 200 հազար ռուբլի տուգանք վճարել ԼԳԲՏ քարոզչության համար։
Իվլեևայի երեկույթը տեղի է ունեցել դեկտեմբերի 21-ի գիշերը մոսկովյան «Մութաբոր» ակումբում: Տոնական դրես կոդը եղել նվազագույն հանդերձանքը: Երեկույթին մասնակցել են Ֆիլիպ Կիրկորովը, Լոլիտա Միլյավսկայան, Դիմա Բիլանը, հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը և շոու բիզնեսի այլ աստղեր։ Համացանցում տարածված երեկույթի լուսանկարներն ու տեսանյութերը վրդովեցրել են շատ ռուսների: Սոցիալական ակտիվիստները դատախազությանը խնդրել են ստուգել միջոցառումը ԼԳԲՏ քարոզչության համար։