Ավտոբուսների ուղեվարձի թանկացման տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում

Ավտոբուսների ուղեվարձի թանկացման տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում

Երևան քաղաքի ավագանու նախկին անդամ Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, թե Երևանի քաղաքապետարանը որոշել է առաջիկայում թանկացնել ավտոբուսների ուղեվարձը՝ 100 դրամը հասցնելով 150 դրամի։ 

«Դե, բնականաբար, պետք է ասեմ, որ շատ բան թանկացել է, պետք է նաև ավտոբուսները և երթուղին թանկանա։ Ես այս առումով ունեմ մեծ վերապահում, քանի որ միշտ համարել եմ՝ հնարավոր է պահպանել արժեքը՝ իրականացնելով լիրարժեք բարեփոխում»,- ասել է նա։

MediaHub-ը տեղեկության իսկությունը ճշտեց Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանից:

Վերջինս նշեց, որ այն իրականությանը չի համապատասխանում։

«Նման քննարկում նույնիսկ չի եղել»,- ասաց Կոստանյանը։

Նրա խոսքով, հետագայում, միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման, տրանսպորտային ցանցի բարելավման և տեխնիկական հագեցվածության ամբողջական ապահովման պարագայում կդիտարկվեն ինչպես ուղեվարձի գնային քաղաքականությունը, այնպես էլ ուղեվարձի փաթեթային (պայմանական՝ օրական, շաբաթական, ամսական և այլն) տարբերակները և սոցիալական տարբեր շերտերին առնչվող հարցեր:

Լիաննա Թորոսյան