Արցախի ներուժը Հայաստանում պատշաճ չի օգտագործվում․ բնակապահովման ծրագիրը ձախողվել է  

Արցախի ներուժը Հայաստանում պատշաճ չի օգտագործվում․ բնակապահովման ծրագիրը ձախողվել է  

Նախօրեին կազմակերպվել է մի քննարկում՝ «Ի՞նչ է սպասվում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին 2025 թվականի մարտից հետո» թեմայով։ Բանախոսներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանը,  Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ու արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը ներկայացրել են իրենց տեսակետները, խոսել դրանց խնդիրների, նաև կառավարության ձախողումների մասին։ 

«Բնակապահովման ծրագիրը ձախողված է, առանց կոնկրետ վերանայումների այն չի կարող երկարաժամկետ լուծում լինել տեղահանվածների համար։ Ծրագրի փոփոխություններին միտված բազմաթիվ գրավոր ու փաստարկված առաջարկներ են ներկայացվել գործարկման պահից սկսած, սակայն որեւէ դրական տեղաշարժ առայսօր չկա։ Բնակապահովման ծրագրին զուգահեռ անհրաժեշտ է դիտարկել սոցիալական բնակարանների, անհատույց,  բայց ոչ սեփականության իրավունքով տրամադրվող շենքերի ու անհատական բնակելի  տների տարբերակը»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Լիաննա Պետրոսյանը։

Արցախի ներուժը Հայաստանում պատշաճ չի օգտագործվում։ Բանախոսի կարծիքով՝ այս տրամաբանությամբ կառավարությունը կարող էր սկսել Հայաստանի մեռնող գյուղերը բնակեցնելու, համայնքներն ուժեղացնելու ծրագիր, փոխարենը մարդկանց անորոշ պայմաններով առաջարկում են բնակվել սահմանամերձ համայնքներում։ 

«Արցախցիները բավարար չափով ներգրավված չեն իրենց վերաբերյալ որոշումների կայացմանը»,- այսպիսի համոզմունք են հայտնել արցախցի բանախոսները, առաջ բերելով նաև աշխատանքի ապահովման ծրագրի խնդիրները։  

«Տեղահանվածներին ապագայի համար որոշակիություն ապահովելու ու ՀՀ-ին այլընտրանք չփնտրելու համար անհրաժեշտ է ՓՄՁ-ների համար նախատեսել բանկային վարկերի տոկոսագումարների սուբսիդավորում, ստարտափների ներդրում, ՓՄՁ-ներին տալ որոշակի արտոնություններ՝ նախնական գումարային կամ գործիքային աջակցություն՝ սուբսիդավորման տարբերակով, վարկային մատչելի հասանելիություն՝ պետական աջակցությամբ»,- հավելեց Լիաննա Պետրոսյանը՝ հույս հայտնելով, որ հանդիպումից հետո, այնուամենայնիվ, վերանայումներ կլինեն։

Հունան Թադևոսյան