Ադրբեջանը թքած ունի աշխարհի վրա, ուզում է Ղարաբաղի պուրակ բացել՝ բացում է․ ադրբեջանագետը՝ Բաքվում «Ղարաբաղ թանգարան այգի» բացելու մասին 

Ադրբեջանը թքած ունի աշխարհի վրա, ուզում է Ղարաբաղի պուրակ բացել՝ բացում է․ ադրբեջանագետը՝ Բաքվում «Ղարաբաղ թանգարան այգի» բացելու մասին 

Բաքվում «Ռազմավարի պուրակի» բացումից հետո էլ Ադրբեջանը չի հանգստանում և այս անգամ նոր պուրակ է պատրաստվում բացել՝ «Ղարաբաղ թանգարան այգի» անունով։ 

Բաքվում կառուցվելիք այգու նախագիծը Bureau R&D ընկերությունն է ներկայացրել, նպատակը քաղաքացիներին Ղարաբաղի մշակույթի ու պատմության հետ ծանոթացնելն է։ 

MediaHub.am-ի հետ զրույցում ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը նշեց, որ պետք չէ սպասել, թե ՀՀ իշխանությունները կընդդիմանան կամ այս երևույթի մասին միջազգային հանրությանը կներկայացնեն.

«ՀՀ Կառավարությունն ապացուցել է, որ այն, ինչ անում է Ադրբեջանը, դեռ մի բան էլ մեղմ է։ Հայկական ղեկավար կազմից զատ, մնացյալ քաղաքացիները, պաշտոնյաները ի՞նչ կարող են անել: Կարող են հոդվածներ գրել, բարձրաձայնել այդ մասին, բայց ի՞նչ կփոխվի, եթե իշխանությունների համար միևնույն է, թե Ադրբեջանն ինչ գործիքներ է օգտագործում հայերին ծաղրելու համար։ Ադրբեջանը թքած ունի աշխարհի վրա, ուզում է Ղարաբաղի պուրակ բացել՝ բացում է, ինչ ուզում՝ անում է։ Հայկական կողմն էլ չի պատրաստվում խոչընդոտել»,- ասաց նա և հավելեց, որ խոչընդոտելն էլ իմաստ չի ունենա, քանի որ Եվրոպան Ադրբեջանի հետ է հաշվի նստում։ 

Ադրբեջանագետի խոսքով՝ Ալիևի այս գործողությունները պարզապես ցույց են տալիս վերջին պատերազմում իրենց հաղթանակի ուրախությունն ու ոգևորությունը։

Դիտարկմանը, որ եթե հայկական կողմը չի ընդդիմանում, ստացվում է՝ հօդս են ցնդում այն խոսքերը, թե «Արցախը Հայաստան է և վերջ», Ադիբեկյանն արձագանքեց՝ Ադրբեջանը, եթե ուզի, ապա նման պուրակ նաև Արցախի գյուղերում կկառուցի։

«Փաշինյանն այս վերջին 20 տարվա ընթացքում այնքան հիմարություն է դուրս տվել, որ հիմա էլ այդ ասածների հետևանքներն ենք «վայելում», որովհետև նրա այդ հայտարարությունը պատերազմ հրահրեց և այս պուրակների կառուցումը հենց այդ խոսքերի պտուղներն են։ Ադրբեջանի քայլերին ո՞վ ընդդիմանա, Սուրեն Պապիկյա՞նը, որ վերջին 4 տարվա ընթացքում անգամ մեկ հատիկ փամփուշտ չի գնել, Լենա Նազարյա՞նը, որ խաղաղության դարաշրջանին է անհամբեր սպասում, Աննա Հակոբյա՞նը, որին այդպես էլ Շուշի չհրավիրեցին՝ թեյ խմելու, ո՞վ. ոչ ոք չկա»,- շեշտեց Ադիբեկյանը։ 

Լիաննա Թորոսյան