Փաշինյանի խորհրդականը չի հիշում, թե վերջին անգամ երբ և ինչ խորհուրդ է տվել Փաշինյանին (տեսանյութ)

Փաշինյանի խորհրդականը չի հիշում, թե վերջին անգամ երբ և ինչ խորհուրդ է տվել Փաշինյանին (տեսանյութ)

Այսօր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմակերպած «Դեպի աշխարհ՝ առանց խոչընդոտների» խորագիրը կրող համաժողովին, ի թիվս Հայաստանի և դրսից ժամանած պաշտոնյաների, ելույթ ունեցավ նաև Նիկոլ Փաշինյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական Սուրեն Մաղաքյանը՝ որպես հաշմանդամություն ունեցող անձ, որը ներառական հիմունքներով ընդգրկվել է պետական կառավարման գործընթացում։ 

Նա գովեց Փաշինյանին ու նրա կառավարությանը, որ բարեփոխումներ է իրականացնում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման ուղղությամբ, օրենսդրական դաշտն է բարելավում և այլն։

Քանի որ շատ տպավորված էր Փաշինյանի խորհրդականը կառավարության ու իր ղեկավարի աշխատանքով, MediaHub-ը փորձեց նրանից հետաքրքրվել, թե երբ, ում առաջարկով է նա նշանակվել Փաշինյանի խորհրդական և վերջին անգամ երբ և ինչ խորհուրդ է տվել նա Նիկոլ Փաշինյանին։

Մաղաքյանն ասաց, որ իր առաջարկով է Փաշինյանն իրեն նշանակել խորհրդական, սակայն, դժվարացավ ասել, թե երբ է վերջին անգամ հանդիպել Նիկոլ Փաշինյանին և ինչ խորհուրդ է տվել նրան, ինչ թեմայով։ Նրա խոսքով՝ խորհուրդ տալը մի փոքր կոպիտ է հնչում, նա ընդամենը իր դիտարկումներ է արել, և վերջին դիտարկումը, որ արել է, եղել է «Անձնական օգնականի» ծրագրի ներդրման հարցում։

Երբ փորձեցինք հստակեցնել, թե առերես հանդիպում վերջին անգամ ե՞րբ է ունեցել Փաշինյանի հետ կամ Փաշինյանը վերջին անգամ ե՞րբ է նրան դիմել որևէ խորհրդի հարցով, Փաշինյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդականը հանկարծ հիշեց, որ ինքը դահլիճից դուրս էր եկել, քանի որ իրեն վատ էր զգում, ուստի խնդրեց ավելի ընդարձակ հարցազրույցի համար առանձին պայմանավորվել։

Նրան ասացինք, որ այլևս հարցեր չունենք իրեն, քանզի մեզ համար պարզ է, որ հաշմանդամություն ունեցող այս մարդուն կառավարությունում հասարակական հիմունքներով խորհրդական նշանակել են զուտ ձևի համար, որ միջազգային գործընկերներին ցույց տան, թե ինչպես են իրենք ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց ներառականությունը պետական ապարատում։ Ու Սուրեն Մաղաքյանի նշանակումն այս իմաստով ընդամենը ձևական բնույթ է կրում՝ հասարակության ու հատկապես միջազգային հանրության աչքին թոզ փչելու համար, քանզի նա, ըստ էության, որևէ կարևոր կամ օգտակար գործառույթ չի իրականացնում ի պաշտոնե, Փաշինյանի հետ էլ, հավանաբար, կարող է կյանքում երբևէ ուղիղ կերպով շփված չլինի։

Մանրամասն՝ տեսանյութում

Վահե Մակարյան