Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ․ Դսեվանք (լուսանկարներ)

Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ․ Դսեվանք (լուսանկարներ)

MediaHub.am-ն իր հետևորդների ուշադրությանն է ներկայացնում Հայաստանի յուրօրինակ տեսարժան վայրերը, որտեղ կարելի է այցելել 2022 թ-ի ամռանը: Շարքի եռեսունյոթերորդ տեսարժան վայրը  Դսեվանքն է։

Կայանբերդ ամրոց / Դսեվանք (ի սկզբանե՝ Ամրոց Հաղպատա Սուրբ Նշանի), գտնվում է Լոռու մարզի Հաղպատ և Սանահին գյուղերի միջև, երկու կիրճերի միացման տեղում, հրվանդանի վրա։

Համաձայն շինարարական արձանագրությունների` բերդը կառուցվել է Հաղպատի վանքի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսի կողմից 1233 թ.-ին, Հաղպատի միաբանության համար։ Սկզբնական շրջանում այն կոչվել է «Ամրոց Հաղպատա Սուրբ Նշանի», իսկ Կայան և Դսեվանք անունները ավելի ուշ շրջանի են։ Ամրոցը մեր օրերում անվանում են նաև Ակնաբերդ. ամենայն հավանականությամբ Ակներ գյուղի մոտ գտնվելու պատճառով։
Մեծ վնաս են հասցրել թաթարները 1241թ.-ին։ Ներսում պահպանվել են բազմաթիվ շենքերի ավերակներ, ջրավազաններ, ջրամատակարարման կավե թրծված խողովակներ։ Ամրոցում կանգուն է Դսեվանքի Սբ.Աստվածածին եկեղեցին։

Առաքել Դավրիժեցին եկեղեցին հիշատակում է «Տես և անց» անունով։ Դրսից ուղղանկյուն, ներքուստ խաչաձև կառուցվածքով գմբեթակիր եկեղեցի է, որի խորանը գտնվում է արևելյան հատվածում։ Մուտքը արևմտյան կողմում է, որը միակն է։ Ուշագրավ է այն, որ մուտքի բարավորը կազմված է երեք առանձին քարերից, որոնցից կենտրոնականը ունի խաչաթևերի նմանվող կտրվածք և հարմարեցված է մյուս երկուսին։ Եկեղեցին գրեթե հիմնահատակ կործանվել է 1668 թվականի և 1827 թվականի երկրաշարժերից։ Բազմաթիվ անգամ վերակառուցվել է։ Վերջին անգամ վերակառուցել է Մարգար Երզնկյանցը (մահացել է 1835 թվականին), որի արձանագիր տապանաքարը գտնվում է եկեղեցու վիմաքարի ներքո։ Այժմ եկեղեցին կիսավեր է։

Սբ. Աստվածածին եկեղեցի

Տարածքի հարավային մասում, արևելյան կողմի ժայռի գլխին, շրջակայքից լավ տեսանելի վայրում է գտնվում Դսեվանքի (Դրսեվանք) Սբ. Աստվածածին ոչ մեծ գմբեթավոր եկեղեցին` դրսից ուղղանկյուն, ներսից՝ խաչաձև հատակագծով: Մուտքն արևմուտքից է` ձևավորված անպաճույճ եզրակալով: Ուշագրավ է մուտքի բարավորը` երեք առանձին քարից, որոնցից միջինն ունի խաչաթևերի նմանվող կտրվածք, որին էլ հարմարեցված են մյուս երկուսը: Թմբուկի ցածրանիստ համաչափությունները, նրա գոտու կտրված լինելը պատուհանների բացվածքներից, փաստորեն, վկայում են գմբեթի վերափոխված լինելու մասին: Մուտքից վերև՝ ողջ ճակատի երկարությամբ փորագրված շինարարական բովանդակություն ունեցող արձանագրության մեջ հիշատակվում է ամրոցը և եկեղեցին, որը կառուցել է Զաքարե և Իվանե Զաքարյանների քրոջ որդի` Հաղպատի վանահայր Հովհաննեսը:

Կայան ամրոցը եղել է միջնադարյան Հայաստանի պաշտպանական կարևոր հենակետներից մեկը և խիստ  ուշագրավ է ամրաշինական տեխնիկայի առումով: Կայան բերդը, որպես դիտակետ ամրոց, իր բարձրադիր դիրքի շնորհիվ՝ հսկիչ դեր է ունեցել ամբողջ ձորի երկայնքով և շրջակա սրբավայրերի նկատմամբ: