Բեյրութի սև օրերը. հայերն արտագաղթում են

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ճշգրիտ հարվածներ է հասցնում Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին։ Սեպտեմբերի 23–ին Իսրայելի բանակի գլխավոր շտաբը Լիբանանում սկսված հարձակողական գործողությունն անվանել է «Հյուսիսի նետեր»: Արդեն տևական ժամանակ Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Լիբանանի տարբեր շրջաններում «Հըզբոլլահ» շարժման օբյեկտներին:
Իսրայելի հետ հակամարտության սրման պատճառով Լիբանանի հարավում ավելի քան 90 հազար մարդ արդեն ստիպված է եղել լքել տները, նշվում է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության զեկույցում:
Այսօր էլ իսրայելական բանակը պաշտոնապես հաստատել է Բեյրութին հասցված հարվածից հետո «Հըզբոլլահ» առաջնորդ Հասսան Նասրալլահի մահը։
Ցավոք, Իսրայելի հարձակումներից տուժում է նաև Բեյրութի հայ համայնքը։ MediaHub-ը զրուցեց բեյրութաբնակ հասարակական գործիչ Հովհաննես Այնթափլեանի հետ, որը շեշտեց՝ սրտից արյուն է գնում Բեյրութի համար, Միջերկրական ծովի մարգարիտ համարվող Բեյրութ քաղաքը չեն գնահատում ո՛չ Լիբանանի իշխանությունները, ո՛չ էլ աշխարհը։
«Ճգնաժամի մեջ ենք, անընդհատ օդային տագնապներ են հնչում, պայթյուններից ցնցվում են շենքերը, հավասարվում են հողին, մեր տները ու մեր սրտերը.... շատ վախեցած ենք, մտածում ենք երեխաների անվտանգության մասին»,- նշեց Բեյրութի հայ համայնքի ներկայացուցիչը։
Նա պատմեց, որ երեխաները վախեցած են պայթյունի ձայներից, և եթե նույնիսկ խաղաղություն լինի, այդ պայթյունի ձայները, նրանց ապրած վախերը երեխաների առողջության վրա հետևանք են թողնելու:
«Բեյրութից արտագաղթ կա, հիմնականում գնում են Սիրիա, այնտեղ լավ ընդունում են, սակայն, Սիրիան էլ է շատ վատ վիճակում. Մերձավոր Արևելքը ճգնաժամի մեջ է, աշխարհն այս ամենին նայում է հանդիսատեսի աչքով»,– նշեց բեյրութաբնակ մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, իսրայելական ավիացիան սեպտեմբերի 23-ից հարյուրավոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային հատվածներին: Ըստ պաշտոնական տեղեկատվության, Իսրայելի ավիահարվածների զոհ է դարձել առնվազն 654 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 2 հազարը: Իսրայելական հարձակումների պատճառով տեղահանվածների թիվը գերազանցում է 500 հազարը:
Մարիաննա Արամյան