173 մլն 965 հազար 534 դրամի վնաս․ Խոշոր չարաշահումներ՝ դպրոցաշինության վարկային գործընթացում

173 մլն 965 հազար 534 դրամի վնաս․ Խոշոր չարաշահումներ՝ դպրոցաշինության վարկային գործընթացում

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է Հաշվեքննիչ պալատի կողմից «Դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման վարկային և դրամաշնորհային ծրագրերի» հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը: Այս մասին տեղեկանում ենք դատախազության պաշտոնական կայքից։

Ծրագիրն իրականացվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ:

Հաշվեքննության եզրակացությամբ` խախտումներ են հայտնաբերվել նախագծերի մշակման և հեղինակային հսկողության ծառայություններ  մատուցելու համար 2017-2019 թվականների բոլոր պայմանագրերի կնքման և կատարման գործընթացում:

Հաշվեքննության ուսումնասիրության  ընթացքում պարզվել է, որ 300 փորձագետներ պայմանագրերը կնքելու պահին և դրանց կատարման ընթացքում համապատասխան ընկերությունների աշխատողներ չեն եղել և Տարածքային զարգացման հիմնադրամին ներկայացրել են կեղծ տեղեկություններ:

Իսկ Հիմնադրամի պաշտոնատար անձինք, չստուգելով ընկերությունների կողմից ներկայացված տեղեկությունների արժանահավատությունը, այդ աշխատակիցների համար ընկերություններին վճարել են ընդհանուր  125 մլն 872 հազար 104  դրամ:

Հաշվեքննության եզրակացությամբ խախտում է արձանագրվել նաև տեխնիկական հսկողության պայմանագրերի կնքման և կատարման ընթացքում. փաստացի ծառայություններ չմատուցած որոշ փորձագետներ Հիմնադրամի կողմից ստացել են 10 մլն 809 հազար 130 դրամ:

Իսկ Հիմնադրամի պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքն օգտագործելով, միևնույն ծառայությունը մատուցելու նպատակով համապատասխան գործունեությամբ զբաղվելու լիցենզիա չունեցող ֆիզիկական անձանց հետ կնքել են պայմանագրեր և այդ եղանակով վատնելու միջոցով հափշտակել են իրենց վստահված՝ առանձնապես խոշոր չափերի հասնող 37 մլն 284 հազար 300 դրամը:

Ընդհանուր առմամբ, տարբեր դրվագներով պատճառված վնասը կազմել է 173 մլն 965 հազար 534 դրամ:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուղարկված հանցանքի մասին  հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում 2023 թվականի հունվարի 27-ին նախաձեռնվել է քրեական վարույթ 18.04.2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավորին վստահված՝ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակությունը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով), ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը, որն առաջացրել է ծանր հետևանք),  ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: