Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը կհանգեցնի լրջագույն տնտեսական անկման
Թանկացումների և դրամի անկման մասին խոսելիս պատճառը այս պահին մեկն է ՝ արտարժությային շուկայում նկատվում է որոշակի պանիկա, այն է՝ դոլարի պահանջարկի շատ կտրուկ աճ է տեղի ունեցել, մարդիկ սկսել են դոլար գնել և դրա հետևանքով դրամը էժանացել է դոլարի նկատմամբ։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի ավագ գիտաշխատող, «Հայկական նախագծի» համահիմնադիր Հրանտ Միքայելյանը։
Մեր զրուցակցի խոսքով ՝ դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ այսօրվա դրությամբ պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանից բավականին լուրջ գումարներ մտնում են Հայաստան և Հայաստանում դրա շնորհիվ առկա է արտարժութային ներհոսք, ինչի հետևանքով ստացվում է, որ դրամը էժանանում է։
«Եթե հայ-ռուսական հարաբերությունները շարունակեն վատանալ և հասնեն այն աստիճանի, որ Ռուսաստանը որոշում կայացնի փոխել իր առևտրային ուղղությունները, ապա Հայաստանի համար այդ որոշումը կհանգեցնի տնտեսական լուրջ անկման կամ աճի դադարեցման՝ խոսքը մոտ 7-10% ՀՆԱ-ի մասին է։ Հարաբերությունների մակարդակի անկման հետևաքով միակ արդյունքը, որ կարող ենք ակնկալել, կհանգեցնի մեզ հենց այդ նշաձողին և այդ պարագայում էլ դրամը կարող է էժանանալ»,- նշեց Միքայելյանը։
Շարունակելով իր խոսքը՝ մեր զրուցակիցը նշեց, որ շատ հստակ կարելի է տեսնել, որ մոտ մեկ ամիս առաջ Ռուսաստանը արգելափակեց Հայաստանից կաթնամթերքի ներկրումը, որը տնտեսական շուկայում այդքան էլ մեծ գումար չէ, սակայն կոնկրետ տնտեսությունների համար բավականին լուրջ թիվ է՝ մոտ 15-20 մլն դոլար։ Այսօր, շարունակեց նա, արդեն կարող ենք նկատել, որ Հայաստանից կոնյակի ներկրումը սահմանափակվում է և այս գործընթացները շարունակական կլինեն՝ տարածվելով տարբեր ապրանքատեսակների վրա։
Ամփոփելով, Միքայելյանը նշեց, որ հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների վատթարացումը ՀՀ դե ֆակտո իշխանությունների կողմից շատ խիստ անդրադառնալու է ՀՀ տնտեսության վրա, ռիսկեր կան և դրանք բավականին բարձր են, սակայն հնարավոր է, որ նաև չիրականանան՝ որոշ քայլեր ձեռնարկելուց հետո։
Մարիա Զարգարյան