Չպետք է մի ձեռքով ընդունես Արցախն Ադրբեջանի մաս, իսկ մյուսով ՌԴ-ից պահանջես՝ «կռվեք, պահեք, փրկեք». Աբովյան

Չպետք է մի ձեռքով ընդունես Արցախն Ադրբեջանի մաս, իսկ մյուսով ՌԴ-ից պահանջես՝ «կռվեք, պահեք, փրկեք». Աբովյան

2023 թվականը հագեցած էր բոլոր առումներով: Լարված էր ինչպես ներքաղաքական կյանքում, այնպես էլ արտաքին քաղաքական հարաբերություններում: Գերլարված էին կրքերը հատկապես ռուս-հայկական հարաբերությունների ֆրոնտում: 

MediaHub-ը զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի հետ՝ ամփոփելով տարին հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում ու փորձելով հասկանալ առաջիկա անելիքներն ու առաջնահերթությունները: 
Եվ այսպես, ինչպիսի՞ն էր 2023 թվականը։

«2023 թվականը ամրապնդեց հակահայկական, հակառուսական և մասամբ հակաիրանական թրենդը, որը որպես քաղաքական ուղի ընտրել է այս իշխանությունը, և գնալով այն խորանում է: Այստեղ հայկական կողմը չէ միայն, մենք տեսնում ենք, որ կա երկկողմանի լարվածություն և այդ լարվածությունը բավականին լուրջ խնդիրներ է առաջացնում, և առաջացնելու է ապագայում ևս շատ պարզ պատճառներով: Իսկ ռուսների հետ հարաբերությունները փչացնելու հիմնական նպատակը, դա խրախուսելը Արևելք-Արևմուտք բախումն է տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանում: Դրանում որևէ լավ բան չկա և չի կարող լինել: Յուրաքանչյուր լարվածություն բերում է բավականին լուրջ կորուստների, կորուստների նվազագույնը դիվանագիտական և քաղաքական առումով, ինչը մեզ համար շատ վտանգավոր է»,- ասաց նա:

Աբովյանը նշեց, որ խնդիրն այն է, որ հայ-ռուսական հարաբերությունների լարվածությունը ներկայացվում է որպես այլընտրանք այլոց հետ հարաբերությունների զարգացման համար: Նրա խոսքով՝ շատ մեծ համակրանքով է վերաբերում թե՛ Միացյալ Նահանգներին, թե՛ Ֆրանսիային, թե՛ ընդհանուր առմամբ Եվրոպային։

«Կարծում եմ՝ պետք է զարգացնել հարաբերությունները, բայց չի կարելի ընդլայնել այն ի հաշիվ այլ աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի բախման խրախուսման: Չի կարելի, որովհետև աշխարհախաղաքական «մեծերը», ինչքան էլ կռիվ անեն, իրենք վերջում բարիշելու են: Դա փաստ է: Այ թե ի՞նչն է լինելու սեղանին դրված, ի՞նչ կոմպրոմիսի են գալու այս իշխանության վարած քաղաքականության հետևանքով, դա մեզ համար բավականին լուրջ խնդիրների է տանում»,- ասաց նա:

2023-ին քաղաքական տեսանկյունից ամենաքննարկված հարցերից մեկը եղել է թերևս այն, որ տարածաշրջանում Ռուսաստանը, կարծես թե, դաշնակցային հարաբերությունների հաշվին խորացրեց իր հարաբերությունները գործընկերջ՝ Ադրբեջանի հետ: Արցախի հանձնումը արդյո՞ք կարող ենք այդպես դիտարկել, որքանո՞վ է դա իրականությանը մոտ:

«Դա ակնհայտ հիմարություն է: Ընդ որում, այդ հիմարությունը բավականին ակտիվ տարածում ունի: Ռուսաստանը տարածաշրջանում ունի մեկ, շատ վստահելի գործընկեր, դա Իրանն է: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ պետք է դիտարկել հետևյալը. քաղաքականությունը ունի մի շատ հետաքրքիր բան, եթե դու ինչ-որ բան ես պայմանավորվում, դու պարտավոր ես դա պահել և չստել: Եթե Հայաստանն ինչ-որ պայմանավորվածության է գնացել, օրինակ, նոյեմբերի 9-ի փաստաթղթի ներքո, որը ես համարում եմ խայտառակ փաստատաթուղթ, որում անգամ խոսք չկար Արցախի ձուլման կամ Ադրբեջանի կազմում լինելու մասին։ Եվ հաջորդիվ դու գնում ես Պրահա և ստորագրում մի փաստաթուղթ, որով, ըստ էության, չեղարկում ես նոյեմբերի 9-ի փաստաթուղթը՝ ընդունելով Արցախը Ադրբեջանի մաս։ Դրանից հետո ինչպե՞ս կարող ես կառուցել հարաբերություններ այն միավորների հետ, ում դու, ըստ էության, խաբել ես: Եվ իհարկե այդ անվստահությունն երկկողմանի է, որովհետև նույն Ռուսաստանում էլ լոբիստական խմբեր կան, տարբեր շահեր սպասարկող ուժեր կան, որոնք քո սխալները օգտագործելու են քո դեմ»,- ասաց Աբովյանը: 

Խոշոր խաղացողների քաղաքականությունը, շարունակեց նա, շատ շերտեր ունի, և պետք է անպայման հաշվի առնել, որ յուրաքանչյուր գործընթաց, որը «դու գեներացնում ես հակընդդեմ այն քաղաքական միավորի, որի հետ գոնե թղթով ձևակերպված դաշնակցային հարաբերություններ ունես, պետք է նվազագույնը չհակասի այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք ես բերել իրենց հետ»։

«Այսինքն՝ չպետք է մի ձեռքով ընդունես Ղարաբաղն Ադրբեջանի մաս, իսկ մյուսով պահանջես ՌԴ-ից՝ «գնացեք-կռվեք, գնացեք-պահեք, գնացեք-փրկեք»: Ի վերջո, պետք է հասկանալ մի բան. ԱՄՆ-ը պաշտպանում է իր շահերը, Իրանը՝ իր, ռուսները՝ իրենց։ Եվ տարածաշրջանում մեզ համար ամենակարևորն է ձևավորել մեր շահերի ներքո հարաբերությունների բալանս, ինչը հիմա խախտված է»,- ամփոփեց Աբովյանը:

Ռեբեկա Հովհաննիսյան