Ե՞րբ է Հայաստանը դուրս գալու ՀԱՊԿ-ից

Մի քանի օր է, ինչ քննարկման առարկա են դարձել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ ասուլիսի ժամանակ։
«Ասում են՝ ՀՀ-ն պատրաստվում է Տավուշի մարզից գյուղեր հանձնել Ադրբեջանին։ Մենք Տավուշից ոչ մի գյուղ չենք տալու։ Երբ Ադրբեջանը ներկայացնում է գյուղերի անուններ, ՀՀ-ում երբեք նման գյուղեր չեն եղել»,- ի թիվս այլնի հայտարարել է Փաշինյանը։
Այսօր էլ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում ասաց, որ ՀՀ որևէ պաշտոնյա իրավունք չունի բանակցել ՀՀ որևէ գյուղ որևէ մեկին տալու ուղղությամբ։
«Մեր համոզմամբ երկու երկրների միջև փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը և հետագա սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,- ասել է նա։
Ի՞նչ խնդիրներ կարող են առաջ բերել այս հայտարարությունները․ թեմայի շուրջ MediaHub-ը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր, «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանի հետ։
«Այդ 4 գյուղը, չեմ կարծում, որ մեծ ռեզոնանս է առաջացնելու, մանավանդ, որ դրա մեջ որևէ նորություն չկա։ Արդեն ինչքան ժամանակ չեմ մեկնաբանում այսպիսի բաներ, քանի որ անիմաստ եմ համարում, մենք շատ հերքումներ ենք տեսել, կարծիքներ ու պնդումներ, որ այս կամ այն բանը տեղի չի ունենալու, բայց տեղի է ունեցել։ Խնդիրն այն է, որ մենք 2018 թ․-ից սկսած կորուստներով շարժվում ենք, և ապատիա է տիրում այդ կորուստների հետ կապված։ Ո՛չ զարմանալու բան կա, ո՛չ շոկային թերապիա, այն անցել է արդեն, մարդիկ ապատիայի մեջ հետևում են կամ արդեն չեն էլ հետևում»,- ասաց Բաբայանը։
Այս ամենին զուգահեռ, արդեն տևական ժամանակ է, ինչ ՀՀ իշխանությունները լարված են պահում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, ՔՊ պատգամավորները խոսում են նրանից, որ հնարավոր է ՀՀ-ն դուրս գա ՀԱՊԿ-ից։ Այսօր էլ ԱԺ-ում ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանն ասաց․ «Ի՞նչ ենք մենք ուզում ՀԱՊԿ-ից, մենք ոչ մեկից ոչինչ չենք ուզում, առաջնորդվում ենք ՀՀ շահով, մենք ՀՀ անվտանգությունն ենք ուզում և սա է այն մոտիվացիան, որով անդամակցել ենք ՀԱՊԿ-ի»։
Հարցին՝ եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, արդյո՞ք կմնա ԵԱՏՄ-ում, Բաբայանը պատասխանեց՝ անպայման չէ, որ որևէ տեղ գրված լինի տնտեսական հարաբերությունների, ինչպես նաև պատմական, մշակութային, ժողովրդական հարաբերությունների մասին։
«Այս պահին մենք հսկայածավալ առևտրային շրջանառություն ունենք ՌԴ-ի հետ, 2023թ․ դրությամբ ՌԴ-ը մեր համար առաջին տեղում է գտնվում արտահանող և ներմուծող երկրների ցուցակում։ Մեր ապրանքաշրջանառությունը գերազանցել է 7 մլրդ դոլարը անցյալ տարի։ Ի՞նչ եք կարծում, ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո այդ 7 մլրդ դոլարի շրջանառություն ունեցող հարաբերությունները կարո՞ղ են մեկ օրում ոչնչացվել, իհարկե, ո՛չ»,- ասաց Բաբայանը։
Բաբայանը նաև նշեց, որ հակված է մտածել, որ այո՛, Հայաստանը շուտով դուրս կգա ՀԱՊԿ-ից, բայց դեռ մնալու է ԵԱՏՄ-ում։ Հայաստանը դե ֆակտո դուրս է եկել ՀԱՊԿ-ից, դե յուրե շուտով դուրս կգա։
Իսկ Եվրոպայի մասով Վահան Բաբայանն ասաց, որ ԵՄ-ի անդամակցության թեկնածու կարող ենք դառնանլ, բայց անդամ դառնալու համար պահանջվելու են տասնյակ տարիներ։
«Այդ տասնյակ տարիներն էլ պետք է բացատրեն՝ ո՞նց ենք ապրելու, մեր գյուղացիները իրենց ապրանքները Եվրոպայո՞ւմ են արտահանելու, մենք ո՞նց ենք ապրելու։ Որ այսքանը ասեն, շատ լավ կլինի։ Վիզայի ռեժիմի թուլացումը շատ լավ է, բայց ո՞ւր ենք հայտնվելու»,- եզրափակեց խոսքը Բաբայանը։
Մարիաննա Արամյան