Այս կարգի դեմարշը լուրջ կասկածի տակ է դնում ՀՀ-ՌԴ հարաբերությունների վերականգնման գործընթացը. Աբովյան

Այս կարգի դեմարշը լուրջ կասկածի տակ է դնում ՀՀ-ՌԴ հարաբերությունների վերականգնման գործընթացը. Աբովյան

Նախօրեին ՀՌՀ-ի նիստում որոշվել է 30 օրով կասեցնել Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը, վերահեռարձակող «Տոսպա» ռադիոընկերությունը մեկ ամսով զրկվել է լիցենզիայից։ Վարչական 2 վարույթ է հարուցվել ընկերության նկատմամբ և տուգանք նշանակել 500 հազար դրամի չափով։ 

Վարույթներից մեկը վերաբերում է «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման նոյեմբերի 17-ի եթերին, որի ընթացքում, ըստ հանձնաժողովի, հաղորդավարը բռնության կոչեր է հնչեցրել։ Մյուս վարույթը վերաբերում է «Աբովյան Time» հաղորդմանը։ 

MediaHub-ը կապ հաստատեց հաղորդավար Արման Աբովյանի հետ, պատճառներն ու հնարավոր հետևանքները հասկանալու համար:

«Իհարկե մտացածին գործողություն է: Եթե հաշվի առնենք այն, թե ինչ-որ բան ոմանց դուր չի եկել, ապա դրա համար գոյություն ունի, օրինակ, քաղաքացիական դատարան և մարդիկ, կոպիտ ասած, այդ հարցերը կարող էին այդ ճանապարհով լուծել: Սա լրիվ տեղավորվում է հակահայկական կոնցեպտի մեջ, առ այն, որ Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունները փչացնելով գին է վաստակվում պայմանական Արևմուտքի կամ Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունների ընդլայնման համար»,- ասաց նա: 

Միևնույն ժամանակ Աբովյանը հորդորեց հիշել, որ դեկտեմբերի 25-26-ին Սանկտ Պետերբուրգում պետք է տեղի ունենա հանդիպում Փաշինյան-Պուտին ձևաչափով: Ըստ նրա, հանդիպմանն ընդառաջ այս կարգի դեմարշը լուրջ կասկածի տակ է դնում ՀՀ-ՌԴ հարաբերությունների վերականգնման գործընթացը: 

Նշենք, որ այսօր ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է.

«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումը կազդի հայ ունկնդրի՝ իր ընտրությամբ աղբյուրից տեղեկատվություն ստանալու անվերապահ իրավունքի վրա»։ Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը 30 օրով դադարեցնելու որոշմանն արձագանքել են նաև ՌԴ Պետական Դումայում՝ խիստ քննադատելով նման մոտեցումները: 

Ռեբեկա Հովհաննիսյան