Արցախի պետական կառույցները Հայաստանում չեն վերականգնվի․ ՔՊ

Անհրաժեշտություն կա գոնե պահպանել Արցախի ընտրված իշխանությունների ներկայությունը ՀՀ-ում։ Այդ մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա, դիմելով ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին, հարցրեց, թե արդյո՞ք 2024 թվականի պետական բյուջեից գումար հատկացվելու է Արցախի պետական ինստիտուտները պահպանելու համար։

Ի պատասխան Վահե Հովհաննիսյանը նշեց, որ դեռ վերջնական բոլոր ծրագրերը չկան, ընդամենը կան նախնական տվյալներ թոշակառուների ու թոշակի մակարդակի մասին, իսկ մնացած ծրագրերը, եթե ձևավորված չլինեն մինչև բյուջեի ընդունումը, ապա գումարները կպահպանվեն պահուստային ֆոնդում և ծրագրերի պատրաստ լինելուն զուգընթաց կտրամադրվեն։

«Կարծում եմ, դա ուղղվելու է մարդկանց աշխատանքով ապահովելու, բնակարանային և այլ ծրագրերի»,- ասաց նա։

Մինչ ֆինանսների նախարարը փորձում էր ասել, որ տեղեկություն չունի՝ Արցախի պետական կառույցները պահպանելու համար գումար ուղղվելու է, թե ոչ, նիստը վարող ՔՊ-ական Գևորգ Պապոյանը կտրուկ միջամտեց․ 

«Ես ունեմ տեղեկություն․ ո՛չ, չի տրամադրվելու, պարո՛ն Խաչատրյան»։

Մանրամասները՝ տեսանյութում։