Գիտնականները մեգադոլոնների անհետացման պատճառի նոր վարկած ունեն

Գիտնականները մեգադոլոնների անհետացման պատճառի նոր վարկած ունեն

Մեգալոդոնը` շնաձուկ, որն ապրել է ավելի քան 23 միլիոն տարի, գրեթե չորս անգամ մեծ էր մեծ սպիտակ շնաձկից, որն այսօր լողում է մեր օվկիանոսներում, փոխանցում է CNN-ը: Սակայն շնաձկների երկու տեսակները, որոնք ժամանակին գոյակցում էին, հավանաբար սնվում էին նուն որսով: Այդ մրցակցությունը կարող է 20 մետր երկարությամբ մեգալոդոնի անհետացման պատճառներից մեկը լինել, վկայում է նոր հետազոտությունը:

Հետազոտողները վերլուծել են 13 անհետացած շնաձկների եւ 20 ժամանակակից շնաձկների ատամներում հայտնաբերված սննդային հետքերը՝ հասկանալու համար, թե ինչ տեղ են դրանք զբաղեցնում սննդային շղթայում, որը նաեւ հայտնի է որպես դրանց տրոֆիկ մակարդակ:

«Մեգալոդոնը վեպերում եւ ֆիլմերում որպես հսկա հրեշավոր շնաձուկ է ներկայացվում, սակայն իրականությունն այն է, որ մենք դեռ շատ քիչ բան գիտենք անհետացած շնաձկների մասին», - ասել է Չիկագոյի ԴեՊոլ համալսարանի պալեոկենսաբանության պրոֆեսոր, Կանզասի Շտերնբերգի բնական պատմության թանգարանի գիտաշխատող, հետազոտության հեղինակ Քենշու Շիմադան:

«Մեր նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ վաղ պլիոցենի մեծ սպիտակ շնաձկան սննդային դիապազոնը շատ նման է մեգալոդոնի սննդակարգին, ինչը վկայում է այն մասին, որ մեր տվյալները չեն հակասում մրցակցության վարկածին»,- ասել է նա:

Հետազոտողները կարողացել են ստանալ այս տեղեկությունը՝ ուսումնասիրելով շնաձկների ատամների էմալում պահպանված տարբեր իզոտոպների կամ ցինկի քիմիական տարրի տարբերակների առկայությունը:

Ցինկը կարեւոր է կենդանի օրգանիզմների համար եւ կարեւոր դեր է խաղում ոսկրերի զարգացման գործում: Ատամների մեջ ցինկի ծանր եւ թեթև իզոտոպների հարաբերակցությունը թույլ է տալիս դատել այն մասին, թե ինչպիսի կենդանական սնունդ են կերել շնաձկները։

Օրինակ, եթե մեգալոդոնը սնվել է մեծ սպիտակ շնաձկներով, սննդային շղթայում դրա ավելի բարձր դիրքը կարտացոլվեր իզոտոպների գրանցման մեջ: Սակայն հետազոտությունը ցույց է տվել, որ երկու տեսակների միջեւ որոշակի համընկնում կա, ինչը ենթադրում է, որ դրանք որսի միեւնույն օբյեկտներ են ունեցել:

Դա պարտադիր կերպով մեգալոդոնների եւ մեծ սպիտակ շնաձկների միջեւ նույն որսի համար ուղիղ մրցակցություն չի ենթադրում, քանի որ երկու տեսակներն էլ կարող էին մասնագիտացած լինել տարբեր որսի մեջ: Այնուամենայնիվ, հետազոտության մեջ նշվում է, որ երկու տեսակների միջեւ սննդի որոշակի համընկնումը հավանական էր: