Իր ընտանիքի փրկության համար է Փաշինյանը զոհաբերում Արցախն ու Հայաստանը․ Բոզոյան

Իր ընտանիքի փրկության համար է Փաշինյանը զոհաբերում Արցախն ու Հայաստանը․ Բոզոյան

Արցախը մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակ է արդեն 32 օր։

Հայկական երկրորդ պետությունում հումանիտար ճգնաժամ է, իսկ արցախցին այս հարցում իրեն պայքարի դաշտում միայնակ է զգում։ Դա է վկայում Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի երեկվա հայտարարությունը, ըստ որի՝ Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների մամուլի ասուլիսներում հնչած մտքերից պարզ դարձավ, որ Արցախի համար միակ հնարավոր ընտրությունը պայքարն է։

Այսինքն՝ Հայաստանն ու Ադրբեջանը դրվեցին նույն հարթության վրա։

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի խոսքով՝ վաղուց էր պարզ, որ Հայաստանի իշխանությունները ձեռքները լվացել են Արցախից ու սկսել են հայ հանրությանը սնել մտքերով, թե Հայաստանի փրկությունն Արցախից հրաժարվելու մեջ է։ «Արցախն այս պահին միայնակ է, իսկ այս վիճակից դուրս գալու համար իրեն Հայաստանն է պետք։ Ուստի, օր առաջ պետք է հեռացվի այս իշխանությունը, որպեսզի Արցախով ու արցախահայության ճակատագրով հետաքրքրված մարդիկ գան ու փորձեն փրկել իրավիճակը։ Այժմ Նիկոլ Փաշինյանն օգտագործում է մի բանաձև, որը ենթադրում է Արցախի հանձնում՝ հանուն Հայաստանի, բայց բոլորն էլ հասկանում են, որ Արցախից հետո միանգամից գալու է Հայատսանի խնդիրը։ Ալիևը չի էլ թաքցնում իր այդ նկրտումները։ Թշնամին ինչպես հիմա Բեձորի միջանցքն է շրջափակել, նույնն անելու է Սյունիքում, Գեղարքունիքում», - MediaHub-ի հետ զրույցում ասաց նա։

Բոզոյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը կարող է հասնել իր նկրտումներին, հատկապես, երբ կողքին ունի Թուրքիայի պես պետություն, որին, որպես հակակշիռ, Հայաստանի կողքին են Իրանն ու ՌԴ-ն, իսկ Փաշինյանի այսօրվա քայլերն ընդդեմ Ռուսաստանի են։

«Այդ ամենը Փաշինյանը կանխամտածված է անում, որ կարողանա ճանապարհ բացել Հայաստանի վրա։ Նա դա անում է, քանի որ արդեն դուրս գրված գործիչ է, ոչ մի հեռանկար չունի Հայաստանում։ Նա հայ ժողովրդի պատմության մեջ մնալու է որպես գերագույն սրիկա։ Ու հիմա ինքն ամեն ինչ անում է, որ իր ընտանիքով ապաստան գտնի Արևմուտքում, որի համար իր առջև պայման է դրվել՝ ամեն ինչ անել, որ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում վերանա։ Այսինքն՝ իր ընտանիքի փրկության համար է Փաշինյանը զոհաբերում Արցախն ու Հայաստանը»,- ասաց նա։ Եվ հիմա, քաղաքագետի պնդմամբ, պետք է ժամ առաջ «վռնդվի» Փաշինյանը։

Դիտարկմանը, որ պայքարի բազմաթիվ ալիքներ են եղել, բայց Նիկոլ Փաշինյանին հեռացնել չի հաջողվել, Բոզոյանն արձագանքեց՝ ուրեմն հեռացնողին է պետք փոխել։ Այլ տարբերակ քաղաքագետը չի տեսնում։ Հակառակ դեպքում, ըստ նրա, արցախցին հնարավոր է օգտվի Ադրբեջանի «օգնությունից», այսինքն՝ թշնամու տրամադրած մեքենաներով կարող է ուղղակի լքել Արցախն ու գալ Հայաստան, ինչը և թշնամու համար թիվ մեկ օրակարգն է։

 

Նարե Գնունի