Մերկացրել են, ոսկի ու գումար են փնտրել, գողացել արծաթե մատանին. Լենայի գերության 6-օրյա մղձավանջը

Այս լուսանկարներն ադրբեջանական տելեգրամ ալիքներում տարածված տեսանյութերից ստացված «սքրինշոթ»-եր են, որ տարածել էր թշնամական կողմը՝ նախորդ տարվա սեպտեմբերին։ Նկարում Լենա Սաֆարյանն է, կամ ինչպես գյուղում են նրան դիմում՝ Ալինան։
64-ամյա միայնակ կինը գերեվարվել է սեպտեմբերի 20-ին Վաղուհասից։ Նույն օրը նրան տեղափոխել են Քարվաճառ։ Լենան այնտեղ հանդիպել է իր 2 բարեկամներին՝ Էլմիրային ու Հայասերին։ Նա MediaHub-ի հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց բոլոր իրավասու կառույցներին, որ գերությունից վերադառնալուց հետո ոչ ոք այդպես էլ նրան չի այցելել, մինչդեռ ինքը սոցիալական, հոգեբանական խնդիրներ ունի, խնամքի կարիք։
«Սեպտեմբերի 20-ին, երբ դեռ հրետակոծվում էր ամեն տեղ, դուրս եմ եկել տնից ու սկսել փնտրել մեր գյուղացիներին։ Հասկացել եմ, որ միայնակ եմ, վախեցել եմ առաջ շարժվեմ, հետ եմ վերադարձել տուն։ Մի քիչ մնալուց հետո, երբ արդեն չէին կրակում, նորից գնացել եմ գյուղամեջ, տեսել եմ հայկական համարանիշներով «Նիվա» է մոտենում, իմացել եմ մերոնցից է, կանգնել եմ, բայց երբ մոտեցել են ինձ սկսել են ադրբեջաներեն խոսել»,- պատմում է կինը։
Նրա խոսքով՝ ադրբեջանցիները շատ կոշտ են վարվել իր հետ։ Սկզբից քաշքշել են, հետո ոսկի ու գումար պահանջել։ Երբ ստացել են բացասական պատասխան, մտածել են հագուստի մեջ է թաքցրել, մերկացրել են նրան։ Ոչինչ չգտնելով, նրան տարել են Քարվաճառ։
«Ոսկի չունեի, բայց արծաթե մատանիս վերցրել են։ Եթե անգամ ոսկի ու փող ունենայի էլի կտայի, միայն թե չսպանեին։ Դեռ գյուղում մի քանի անգամ փորձել են սպանել ինձ, նույնիսկ դանակ են քաշել ինձ վրա։ Բայց չեմ կարող չասել, որ ադրբեջանցի ոստիկանները կանխել են այդ հանցագործությունը»,- ասում է կինը։
Լենա Սաֆարյանը որոշակիորեն տիրապետում է ադրբեջաներենին, իր ասելով՝ հենց դա էլ դարձել է իր ու հարազատների փրկության գլխավոր գործոնը։
«Ասում էին «որտեղի՞ց գիտես ադրբեջաներեն», ասել եմ, որ իմ հասակակից ադրբեջանցիներն էլ հայերեն գիտեն։ Այն ժամանակ դա ընդունված էր, խորհրդային բոլոր երկրներում մեկը մյուսի լեզուներին որոշակի տիրապետում էին։ Ես էլ Շուշիի մանկատան երեխա էի, ուզած-չուզած սովորել եմ»,- ասում է 64-ամյա մեր զրուցակիցը։
Մեր զրուցակիցն ասում է, որ Քարվաճառում անցկացրած 6 օրերի ընթացքում իր մյուս 2 հարազատներին ևս նվաստացրել են, Հայասերին, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, ծեծել են, հետո փորձել սպանել, բայց ինքը խնդրել է, որ չսպանեն՝ ասելով, որ հիվանդ է։ «Հաց ու ջուր չէին տվել։ Որ մեզ տեղափոխել են Քարվաճառից, հյուծված վիճակում ենք եղել, ահավոր վատ վիճակում։ Թուրքը մեզ ո՞նց կարա լավ պահի։ Պարզ չի՞, որ անմարդկային են վերաբերվելու։ Նույնիսկ ջուր են առաջարկել, ես պատրաստվում էի խմել, զինվորականները ձեռքիցս քաշել ու բաժակից ջուրը թափել են»,- հիշում է նա։
Ի դեպ, հենց այդ կադրերն էլ սեպտեմբերին տարածել էին ադրբեջանցիները, որոշ ժամանակ անց՝ ջնջել։ Լենայի բարեկամներից մեկը՝ Սիլվան, ասում է, որ նա իր տարիքից միշտ էլ մեծ է երևացել, գերությունից վերադառնալուց հետո անճանաչելիորեն փոխվել է, ավելի է ծերացել և հիմա առողջական ու սոցիալական ծանր վիճակում է։
«Իրենց պատմելով՝ այնտեղ հաշվի չեն առել ո՛չ տարիքը, ո՛չ սեռը։ Հոգեբանական ու ֆիզիկական բռնության են ենթարկվել, նվաստացրել, անգամ չեն թողել, որ հանգիստ քնեն։ Դրա համար էլ այսօր առողջական լուրջ խնդիրներ ունեն»։
Քարվաճառում պահվող հայ գերիներին 6 օր անց ադրբեջանցիները խաղաղապահների ու Կարմիր խաչի ուղեկցությամբ փոխանցել են հայկական կողմին։ Նույն օրը նրանց տեղափոխել են Հայաստան։ Միայնակ կինն ապրում է Սևանի եկեղեցում, բարեկամուհու պատմելով՝ հոգևորականների հոգածության ներքո է։
Հունան Թադևոսյան