Արցախի կորուստը չպետք է անդրադառնա մի ամբողջ տարածաշրջանի լեզվամշակույթի կորստին․ Աննա Մեկունց

Արցախցի երիտասարդ բանաստեղծուհի Աննա Մեկունցի ստեղծագործությունները հիմնականում հայտնի էին սոցիալական մեդիա տիրույթում։ Բայց, շրջափակման ժամանակ Աննան փոխեց ստեղծագործությունների ոճը։
MediaHub-ի հետ զրույցում Աննան պատմեց, որ իր «Բլոկադնիկ» ժողովածուում գրում էր հասցեական, մոտիվացնող մարդկանց մասին, վավերագրում իրական պատմություններ, որոնք տպագրվում էին նաև ֆրանսիական ու ամերիկյան մամուլում։
Երանի է տալիս շրջափակման օրերին. դժվար էր, բայց տանն էր։
«Որքան դժվար էր ապրելը, այդքան ավելի էի սիրահարվում կյանքին, քաղաքին ու մարդկանց։ Ճիշտ է, օր կար, տանն անգամ ցամաք հաց չկար, մրսում էինք, հիվանդ էինք, բայց ամեն օր ոտքով տնից աշխատանքի գնալիս, շփվելով մարդկանց հետ, նորից սիրահարվում ու ապրել ու ապրեցնել էի ուզում։ Այդ պատճառով բլոկադայի ժամանակ սկսեցի գրել «Բլոկադնիկը», որտեղ սիրուն պատմություններ կան արցախցու ուժեղ կամքի, չհանձնվող տեսակի, ու պայքարող ոգու մասին։ «Բլոկադնիկս» հենց բլոկադայի ժամանակաշրջանը նկարագրելու ու պահպանելու համար էր ստեղծվել։ Իմ պայքարն էլ այդպես էի տանում, ստեղծագործելով ու ամբողջ աշխարհին պատմելով մեր մասին»,- ասում է նա։
Վերածննդին հավատալով Աննան անկեղծանում է։ Եղել են ժամանակներ, երբ ներքուստ զգացել է գաղթի մասին, բայց այս դեպքում՝ ինքնախաբեությունը դարձնում էր սպեղանի։
«Տունս թուրքին չեմ թողնելու, իմ քաղաքը երբեք չեմ լքելու վճռականությունը», սակայն, փոխեց սեպտեմբերի 19-ի ռազմական օպերացիան։
«Դուրս եկանք։ Բայց Արցախի էջը փակված չեմ համարում, պատմությունը չի ավարտվել, որովհետև արցախցի ծնվում են ու ապրեցնում Արցախն իր մեջ։ Վերածննդի ժամանակներ են գալու, եւ հայը նորից հասնելու է իր երազանքին»,- ասում է Աննան, սրբում արցունքները, որ վերջին շաբաթներին անընդհատ են աչքերից հոսում։
«Արցախը կոփեց իմ հոգին, ու ավելի ամուր կապեց ինձ իր հետ։ Ամեն վերջին թվացող ակնթարթին ես ավելի էի սիրում իմ քաղաքն ու ավելի կապվում իմ հողի հետ։ Եթե առաջներում խոսում էի սիրային պոեզիայից, ու ճանաչում էին ինձ՝ որպես սիրո բանաստեղծուհի, ապա հիմա խոսում եմ միմիայն հայրենիք ունենալու կարևոր արժեքի մասին։ Ես պարզապես ուզում եմ, որ մարդիկ սովորեն ժամանակին արժևորել այն, ինչ ունեն։ Հիմա ստեղծագործություններս ցավս մխիթարելու համար են։ Ստեղծագործում եմ բարբառով, վերջին հաշվով Արցախի կորուստը չպետք է անդրադառնա մի ամբողջ տարածաշրջանի լեզվամշակույթի կորստին»։
Աննա Մեկունցն այժմ նոր շարք է սկսել Երևանում։ «(ան)Հայրենիք» օրագրում զետեղվել են պատերազամական վերջին իրադարձությունները և արցախյան բարբառով ստեղծագործությունները։
Նախատեսում է առաջիկայում Արցախին երկեր ու երգեր ձոնել, գրքեր ու ֆիլմեր նվիրել։ Արցախի կորստի հետ երբեք չի հաշտվում։ Այնտեղ թողել է իր էությունը, եկել Երևան։
Դաժան բան էր տնից դուրս գալու պահը, ասում է. «Գիտե՞ք, դա ինչի էր նման... Ոնց որ ողջ մարդու սիրտը դանակով հանես ու ասես շարունակի ապրել»։
Հունան Թադևոսյան