Երբ իմացա՝ ինչ է կատարվել ընտանիքիս հետ, ուշաթափվել եմ․ 4 վիրավոր մեկ ընտանիքում

Երբ իմացա՝ ինչ է կատարվել ընտանիքիս հետ, ուշաթափվել եմ․ 4 վիրավոր մեկ ընտանիքում

«Իրական սարսափը նկարագրելու այլ տարբերակներ ես չգիտեմ, քան այն ինչ 6 ամիս առաջ կատարվել է իմ ընտանիքի հետ»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Արցախի Բերքաձորից տեղահանված Նարինե Գիքինյանը։

Սեպտեմբերի 19-ն էր, երբ առավոտյան նա գործերով գնացել էր Ստեփանակերտ, պետք է քաղաքապետարան ու կառավարություն մտներ։ Առավոտյան, մինչ ռազմական գործողությունների մեկնարկը բարեկամի տանը լսել է, որ թշնամին կրակել է Հարավ գյուղի դիրքերի ուղղությամբ, բայց քանի դեռ ձայները չէին լսվում ու խուճապ չկար քաղաքում, չի հավատացել։

«Դրանից հետո երբ գյուղի հետ կապ հաստատեցի, երեխաներն ասացին, որ իրավիճակով պայմանավորված դպրոցից բաց են թողել։ Այստեղ քիչ անհանգստություն կար մոտս, բայց պատերազմի վերսկսման հավանականության մասին չեմ մտածել»,-ասաց նա։

Կեսօրին երբ սկսվել է պատերազմը, Նարինեն բարեկամների հետ տեղափոխվել է ապաստարան, սակայն, նրա ուշքն ու միտքը ընտանիքն էր, երեխաների անվտանգությունը։ Կնոջ խոսքով՝ ինքն անգամ չի էլ մտածել, որ թշնամին նշանառության տակ կվերցնի իրենց փոքր գյուղը և, որ ամենաշատը կտուժի իր ընտանիքը։ 

«Երբ սկսել են հրթիռակոծել գյուղը, միանգամից կրակի տակ են հայտնվել բնակելի տներն ու շենքերը։ Այդ ընթացքում երկար փորձերից հետո ես կարողացա մի կերպ կապ հաստատել սկեսուրիս հետ, նա ասել է, որ գնում ենք ապաստարան։ Հետո պարզվել է, որ մերոնք ապաստարան գնալու  ճանապարհին հայտնվել են կրակահերթի տակ։ «Սնարյադը» ընկել է մեքենայի մեջ, բոլորը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Նրանց տարել են նկուղ ու մինչ շտապ օգնության մեքենա կանչելը, մեր համագյուղացիներն առաջին օգնություն են ցուցաբերել»,-ասում է Նարինեն։

Մեքենայի մեջ եղել են Նարինեի երեխաները՝ 12-ամյա Յուրին և 14-ամյա Կարինեն, ինչպես նաև նրա սկեսրայրը՝ 68-ամյա Յուրի Աղաթելյանն ու կինը՝ 63 տարեկան Կարինեն։ 

«Ամենածանրը եղել է տղաս ու սկեսուրս, աղջիկս ու սկեսրայրս համեմամատաբար թեթև վնասվածքներ էին ստացել։ Կարինեի պարանոցի հատվածն էր այրվել, ու ոտքերն էին բեկորներից վնասվել, իսկ պապիկի գլուխն ու ձեռքերը»։

Նարինեի ընտանիքի անդամները, ընդ որում՝ 12-ամյա տղան ու տիկին Կարինեն ծանր վիճակում շտապ օգնության մեքենայով տեղափոխվել են Ստեփանակերտի հիվանդանոց։ Որպեսզի Նարինեին չասեն լուրը, sms հաղորդագրությամբ գրել են, որ «պապիկը վատացել է բերել ենք հիվանդանոց»։

«Տալս ասաց՝ «դու մնա, ես գնամ»։ Երբ տեղ է հասել, Յուրիի վիրահատությունն արդեն ավարտված է եղել ու նա «նարկոզից» դուրս էր եկել։  Որ ասացին կատարվածի մասին, ինքնազգացողությունս միանգամից կորցրել եմ։ Գնացի հիվանդանոց, պատկերացնո՞ւմ եք, ընտանիքիդ բոլոր անդամները սարսափելի վիճակում են։ Յուրիիս մարմնում մինչ օրս 6 հատ բեկոր կա, իսկ ամենածանրը վնասվածքը ստացել է կրքավանդակի շրջանում, ու թոքն է վնասվել։ Սկեսուրիս էլ այսօր են վիրահատել։ Հիմա համեմատաբար լավ է»,- հավելեց Նարինեն։

Նրա ամուսինը Ռուսաստանի Դաշնությունում էր, բլոկադայի պատճառով վերադառնալ չի կարողացել։ Հայաստան տեղահանվելուց հետո Նարինեն ժամանակավոր ապաստանել էր Բյուրեղավանում, մինչև երեխաներն ամբողջովին կապաքինվեին։ Օրեր առաջ նրանք ևս տեղափոխվել են ամուսնու մոտ։

Կնոջ խոսքով՝ երեխաները շատ են վախեցել, նրանց հետ նույնիսկ հոգեբան է աշխատել, բայց հոգեբանորեն ագրեսիվ դրսևորումներն առ այսօր էլ նկատելի են։ «Երևի ժամանակ է պետք, որ դժոխային այդ օրերը մոռանան, լրիվությամբ կազդուրվեն»։

Հունան Թադևոսյան