Արցախի անկումը՝ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ վեճի պատճառ, Հիմա էլ հասան Հայոց պատմությանը. Մամուլը՝ սուրճով

Արցախի անկումը՝ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ վեճի պատճառ, Հիմա էլ հասան Հայոց պատմությանը. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ տոներից հետո նախաքննական մարմինը որոշել է Երեւանի քաղաքապետարանի միջադեպի գործով հարցաքննել միջադեպի մյուս մասնակիցներին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ անգամ բարձրացվել է հարցը, որ միգուցե Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանին ճանաչեն տուժող։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ
ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոնի քննչական բաժին է հրավիրվել եւ հարցաքննվել Երեւանի ավագանու կին անդամներից ընդամենը մեկը՝ Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը. նրանից հետո այլ անձ չի հարցաքննվել։

Իսկ ի՞նչ էր արել Սոնա Աղեկյանը քաղաքապետարանում միջադեպի ժամանակ:

Ավագանու անդամ Անի Խաչատրյանը ամբիոնից հնչեցրեց հայտարարություններ, որոնք դահլիճում կրքերը թեժացրին: Ու երբ Անի Խաչատրյանը լքեց ամբիոնը եւ վերադառնում էր նստելու իր տեղը, ավագանու անդամ Սոնա Աղեկյանը բաժակի ջուրը լցրեց նրա վրա, ինչից հետո սկսվեց ողջ կռիվը։ Փաստ է մեկ բան. արդեն միջադեպից անցել է շուրջ 2 ամիս, եւ գործով ո՛չ մեղադրյալ կա, ո՛չ տուժող։
Ըստ նախաքննական մարմնի՝ Սոնա Աղեկյանը ընդամենը ջուր է լցրել Անի Խաչատրյանի վրա, մինչդեռ Խաչատրյանը բռնել է նրա մազերից ու քաշքշել։

Հիշեցնենք, որ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թվականի նոյեմբերի 21-ին՝ Երեւանի ավագանու հերթական նիստի ժամանակ՝ ավագանու մի քանի անդամների միջեւ առաջացած տարաձայնության ընթացքում, փոխադարձ հարվածներ են հասցվել, որի ընթացքում, հասարակության նկատմամբ դրսեւորելով անհարգալից վերաբերմունք, հնչել են հայհոյանքներ՝ այդկերպ խախտելով քաղաքապետարանի բնականոն աշխատանքը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) եւ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը) հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են»։

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետությունը հունվարի 10-ին 200 հազար դոլար՝ 81 մլն 526 հազար դրամ է փոխանցել Միջնորդ դատարանի մշտական պալատին (Permanent Court of Arbitration)՝ որպես գրավ։ Փոխանցումը ձեւակերպվել է որպես «արբիտրաժային դատարանի ծախսեր»։ Գումարը որպես գրավ փոխանցվել է ««Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործի առնչությամբ։

«Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ի մասին համացանցի աղբյուրներում որեւէ տվյալ չկա, սակայն տարիներ առաջ խոսվում էր, որ Ամուլսարի ոսկու հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը կարող է դիմել միջազգային արբիտրաժային դատարան, քանի որ հանք տանող ճանապարհն արգելափակված էր, իսկ Հայաստանի կառավարությունը մի կողմից դեմ չէր հանքի շահագործմանը, մյուս կողմից ոչինչ չէր անում այդ շահագործումը հնարավոր դարձնելու եւ ճանապարհը բացելու համար:

Միայն 2023 թվականի փետրվարին ՀՀ կառավարությունը համարձակություն ունեցավ հայտարարելու, որ ոչ միայն համաձայն է, որ հանքը շահագործվի, այլեւ դրան փայատեր է դարձել, ինչպես դա եղավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարագայում։ Կառավարությունը, ի դեմս էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, հայտարարեց, որ կառավարությունն անհատույց ստանալու է «Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 12.5%-ը։ Ուստի ենթադրվում է, որ «Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ն փոխկապակցված է «Լիդիան Արմենիայի» հետ։

Ինչ վերաբերում է Միջնորդ դատարանի մշտական պալատին, ապա այն միջազգային արբիտրաժային դատարան է, որին անդամակցում է շուրջ 100 պետություն, դատարանն ընդունում է ինչպես պետությունն ընդդեմ պետության, այնպես էլ միջազգային մասնավոր կազմակերպություններն ընդդեմ պետության հայցադիմումներ»:

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայ առաքելական եկեղեցու դեմ 2018 թվականի իշխանափոխությունից հետո ծավալվող արշավին և ազգային արժեքների դեմ տոտալ պայքարին զուգահեռ՝ Հայաստանի օրվա իշխանություններն այս ընթացքում պարբերաբար «ձեռք են գցում» նաև հայոց պատմությանը։ Մասնավորաբար, ժամանակին ականատես եղանք, թե ինչպես «Հայոց պատմության» դասագրքերում որոշ «սրբագրումներ» իրականացվեցին նորօրյա պատմության առանձին դրվագների հետ կապված, հետո թեման ավելի գլոբալ բնույթ ստացավ, և հերթը հասավ արդեն «Հայոց պատմության» գլոբալ խմբագրման գործընթացին, ինչի վառ օրինակն են 7-րդ դասարանի դասագրքում պատմության աղավաղումն ու աղճատումը։

Ավելին, վերջին շրջանում բավական ակտիվ կերպով սկսել են հնարավոր տարբերակներով տիրաժավորել «հայ ժողովրդի՞, թե՞ Հայաստանի պատմություն» կեղծ թեզը և փորձում արհեստական բանավեճ ստեղծել։ Դրա մասին խոսեց նաև «ցնցված» Նիկոլ Փաշինյանը: «Անկեղծ ասած, այս առաջարկն ինձ ցնցեց ուղղակի հետևյալ տրամաբանությամբ։ Ես ինքս ինձ մեղադրեցի, որ ես այս նրբությունը չեմ նկատել։ Կարող է թվալ, թե սա ինչ բանավեճ է՝ հայ ժողովրդի պատմություն, թե Հայաստանի պատմություն։ Իսկ այդտեղ խորքային, բովանդակային շատ լուրջ տարբերություն կա՝ հայ ժողովրդի պատմությունը ենթադրում է պետականության բացակայության պատմություն՝ պետականության լինելիության դրվագներով, իսկ Հայաստանի պատմությունը ենթադրում է պետականության պատմություն՝ պետականության բացակայության դրվագներով։

Այսինքն, առաջին պատմությունը պետության բացակայության մասին է, որը երբեմն ընդհատվել է պետություն ունենալով, իսկ երկրորդը՝ պետության պատմությունն է, որը երբեմն ընդհատվել է պետություն չունենալով։ Այս կարգի հարցեր կան, որոնք շատ կարևոր են»,-ասել է նա։ Իրականում, «Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենը պատահական չի արվում. «տակից» լուրջ գործընթացներ են տեղի ունենում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանի կողմից ուղղորդվող այս քաղաքականությունն ավելի հեռահար նպատակներ է հետապնդում։

Մասնավորապես, մեզ հայտնի է դարձել, որ Փաշինյանը նախատեսում է պատմաբաններից ու պատմությունն ուսումնասիրող փորձագետներից կազմված հանձնաժողով ստեղծել, որոնց առաջ խնդիր է դրել ուսումնասիրել ու վերախմբագրել հայոց պատմությունը և, այսպես կոչված, այլընտրանքային տարբերակ ներկայացնել, որտեղ, ըստ օրվա իշխանությունների, պետք է ներկայացված լինեն հայ ազգի իրական խնդիրներն ու պատմական դրվագները՝ առանց պաթետիկ փաթեթավորումների ու զեղումների։ Ի դեպ, մեր տեղեկություններով, սրան զուգահեռ առաջիկայում խնդիր է դրվելու վերանայել ՀՀ զինանշանը, հնարավոր է՝ նաև հիմնը»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, ով պատերազմից հետո այս իշխանությունների ամենախիստ քննադատներից էր, երեկ 2 ամսով կալանավորվեց՝ Արամուսի ռեստորաններից մեկում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Մեղադրանքը թեեւ ծանր չէ` «խուլիգանության» հոդվածով է, եւ զենքի գործադրումն էլ հետեւանքներ չի ունեցել, բայց նման առիթն իշխանությունը բաց չէր թողնի: Մենք տեղեկացանք, որ Տիրան Խաչատրյանից բացի միջադեպին մասնակցել է եւս 4 անձ, որոնցից մեկն Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի եղբայրն է` Արմեն Հարությունյանը։

Ըստ մեր աղբյուրի, արցախցուն պատկանող օբյեկտում սեղանի շուրջ խոսել են Արցախի անկման մասին, Տիրան Խաչատրյանը մեղադրել է նաեւ Արայիկ Հարությունյանին` Նիկոլ Փաշինյանին հավասար։ Արցախի նախագահի եղբայրն ու մյուս արցախցիները պահել են Բաքվի բանտում գտնվող Հարությունյանի «թասիբը», ինչից էլ լեզվակռիվ, քաշքշուկ է սկսվել:

Սակայն այդ օրը բանը չի հասել հրազենին, մեկ կամ երկու օր հետո Տիրան Խաչատրյանին կանչել են «ատչյոտ տալու», չորսով մեկի դեմ են հարձակվել, վերջինս էլ ինքնապաշտպանական նկառատումներով` իր զենքից օդ է կրակել։