Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել Mitsubishi Grandis ավտոմեքենայում

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արամ Խաչատրյան փողոցի 10-րդ շենքի մոտ ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը կրակի դեմ պայքարել են Mitsubishi Grandis-ի վարորդն ու քաղաքացիները:
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամնաատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն նրանց օգնության կարիքը չի զգացվել:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արամ Խաչատրյան-Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում՝ Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենայում. այրվել է շարժիչի հատվածն ամբողջությամբ:
Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը: