Երևանում ՌԴ դեսպանատունը վերահսկում է WizzAir–ի չվերթի հետ կապված իրավիճակը

ՌԴ դեսպանատունը հայտարարություն է տարածել․
«Հետեւում ենք Երեւանում մնացած քաղաքացիների հետ կապված իրավիճակին։
Հուլիսի 27-ին ինքնաթիռի անսարքության պատճառով WizzAir ավիաընկերության` Երեւան-Վիեննա W4 2892 չվերթը հետաձգվել է, ինչի հետեւանքով մոտ 100 ՌԴ քաղաքացի դուրս են բերվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարանցման գոտուց։ Միջադեպի մասին տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո դեսպանատունը քայլեր է ձեռնարկել ստեղծված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։
Դիվանագիտական ներկայացուցչության հյուպատոսական բաժնի աշխատակիցները ուղեւորվել են օդանավակայան ՌԴ քաղաքացիներին հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար։ Բուդապեշտում Ռուսաստանի դեսպանատան հետ համագործակցությամբ կապ էր հաստատվել WizzAir ավիաընկերության կենտրոնական գրասենյակի հետ։
Ավիափոխադրողը հայտնել էր, որ կազմակերպվել է չվերթի ուղեւորների տեղափոխումը օդանավակայանից երեւանյան մի հյուրանոց։
«Նշված չվերթի մեկնումը նախատեսվում է հուլիսի 28-ին` ժամը 17:40–ին։ Երեւանում Ռուսաստանի դեսպանատունը շարունակում է վերահսկողության տակ պահել իրավիճակը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Չվերթի մեկնումը նախատեսված է 21:10-ին։
Հիշեցնենք, որ երեկ ռուսաստանի հարյուրից ավելի քաղաքացիներ չէին կարողանում հեռանալ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից, նրանց խոսքով՝ իրենց ժամանակավոր կացարան չէր տրամադրում, սնունդ չէին տալիս։
Տեսանյութը՝ այստեղ