Ուժեղներին պահում ենք, մյուսներին՝ ուղարկում․ Փաշիկ Ալավերդյանը՝ Գոռ Մինասյանի՝ այլ երկրի դրոշի ներքո հանդես գալու մասին

Ուժեղներին պահում ենք, մյուսներին՝ ուղարկում․ Փաշիկ Ալավերդյանը՝ Գոռ Մինասյանի՝ այլ երկրի դրոշի ներքո հանդես գալու մասին

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բազմակի փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր Գոռ Մինասյանն ընդունել է Բահրեյնից ստացած առաջարկը։ Լուրը MediaHub.am-ի հետ զրույցում հաստատեց hավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ երեք հոգի կա, այս պահին երեք ծանրորդ կա, որ կարող է մասնակցել աշխարհի խաղերին, բայց երկու հոգու համար տեղ կա, այդ իսկ պատճառով, հավաքականը դեմ չէ, որ Գոռ Մինասյանը հանդես գա այլ դրոշի ներքո։

Հիշեցնենք, որ Մինասյանը հանդես կգա Բահրեյնի հավաքականի կազմում` Օլիմպիական խաղերին մասնակցելու համար։

«Հիմա քեզ ձեռք է տալիս, որ Գոռը չմասնակցի՞, թե մասնակցի այլ դրոշի ներքո։ Ամեն քաշային կարգում երկու մարդ պիտի մասնակցի, մենք ունենք երեքը, հիմա եթե չմասնակցեց, Օլիմպիադային էլ չի կարող մասնակցել։ Հիմա մենք ուզում ենք մեր երեխեքին տեղավորենք, չե՞ք հասկանում։ Ես էդ երեխեքի տերն եմ, քո պես գրող չեմ, հիմա էդ երեխեքին պիտի մի կտոր հացի տիրացնեմ»,- ասաց նա։

Նշենք, որ Փաշիկ Ալավերդյանի խոսքով՝ Հայաստանի հավաքականում մնալու են լավագույնները, իսկ վատերին ուղարկում են այլ դրոշների ներքո հանդես գալու։

Մեր հարցին, թե արդյոք Գոռ Մինասյանը զիջու՞մ է Վարազդատ Լալայանին ու Սիմոն Մարտիրոսյանին, Ալավերդյանը արձագանքեց․

«Բա մյուսնե՞րն են զիջում, հա՞։ Ես եմ որոշողը, բա էլ խի՞ եմ ես 50 տարի ծանրամարտի մեջ, իսկ դու երկու ամսական էլ չկաս»։

Ի դեպ, Փաշիկ Ալավերդյանը տեղեկացրեց, որ Գոռը գնալու է աշխարհի առաջնությունից առաջ, հիմա ոչ ոք չի գնում։

Նշենք, որ Օլիմպիական խաղերին մասնակցելու համար Սիմոն Մարտիրոսյանն ու Վարազդատ Լալայանն էլ հանդես կգան Հայաստանի հավաքականում` գերծանր քաշային կարգում։

Նարե Գևորգյան