Բժիշկը զգուշացրել է թեյի չարաշահման առողջական հետեւանքների մասին

Բժիշկը զգուշացրել է թեյի չարաշահման առողջական հետեւանքների մասին

Թեյը ջրից հետո ամենահայտնի ըմպելիքն է աշխարհում։ Ողջամիտ քանակությամբ այն կարող է շատ օգուտներ բերել օրգանիզմին, սակայն պետք չէ դրանով շատ տարվել, քանի որ դրա չափից ավելի օգտագործումը, ընդհակառակը, կարող է առողջական խնդիրներ առաջացնել։ «Իզվեստիա»-ի հետ զրույցում ասել է էնդոկրինոլոգ Յուլիա Վերեինան։

Մասնագետի խոսքով՝ թեյի ավելցուկը կարող է խաթարել աղեստամոքսային տրակտի աշխատանքը։ Խոսքը տանին կոչվող նյութի մասին է, որը կարող է ազդել ստամոքսի միկրոֆլորայի վրա՝ ուտելուց հետո անհանգստություն կամ ցավ պատճառելով:

«Բացի այդ, թեյն ունի միզամուղ ազդեցություն, որը չափից շատ օգտագործելու դեպքում նպաստում է ջրազրկմանը և հետագա առողջական խնդիրներին»,- զգուշացրել է բժիշկը։

«Դուք նաև պետք է հասկանաք, որ սև թեյը պարունակում է կոֆեին, որը որոշ մարդկանց մոտ կարող է նյարդայնություն և քնի խանգարումներ առաջացնել: Ուստի, եթե դուք հակված եք աճող գրգռվածության կամ տառապում եք անքնությունից, ապա պետք է զգույշ լինեք այս ըմպելիքի հետ»,- բացատրել է Վերեինան։

Էնդոկրինոլոգը նշել է, որ թեյը վիտամինային կոմպլեքսների հետ միասին խմելն անցանկալի է, քանի որ տանինը դրանց հետ անլուծելի միացություններ է կազմում։ Սա նվազեցնում է նման դեղամիջոցների արդյունավետությունը:

«Միևնույն ժամանակ, թեյը կարող է փոխազդել այլ դեղամիջոցների հետ: Մասնավորապես, այն նվազեցնում է բանավոր հակաբեղմնավորիչների ազդեցությունը, խանգարում է երկաթի կլանմանն ու խաթարում է դեղամիջոցների կլանումը: Սակայն հակադեպրեսանտների ազդեցությունը, ընդհակառակը, մեծանում է, ինչը կարող է առաջացնել նյարդային գրգռվածություն, քնի հետ կապված խնդիրներ»,- եզրափակել է մասնագետը։