Արցախը փակվում է՝ հայտնվելով երկաթյա վարագույրի ետևում

Արցախը փակվում է՝ հայտնվելով երկաթյա վարագույրի ետևում

Արդեն 11 օր է, ինչ Արցախը շրջափակման մեջ է՝ հանրապետությունում նկատվում է սննդամթերքի, դեղորայքի, դիզվառելիքի, կանխիկ գումարի դեֆիցիտ:

Մարդիկ ապրում են հույսով՝ սպասում են, որ Աստված մի դուռ կբացի. հենց այսպես, որ հենց Աստված, այլ ոչ Արցախի կամ էլ, առավել ևս, Հայաստանի իշխանությունները մի փոփոխություն կբերեն իրենց ճակատագրերում: Փորձում են չհուսահատվել, ասում են՝ 90-ականներին ավելի բարդ էր… ապա մի պահ կանգ առնում, մտածում ու իրենք իրենց սրբագրում. «Չէ, տարբերություն կա՝ էն ժամանակ գիտեինք, որ ժողովուրդն էլ, իշխանությունն  էլ նույնն է ուզում, նույնին է ձգտում: Այսօր ժողովուրդը մի բան է ուզում, իշխանությունն էլ.... »: Խորհրդավոր լռում են, որովհետև ի՞նչ ասեն՝ ամեն ինչ պարզից էլ պարզ է:

Ավելացնում են՝ որքան էլ գիտակցենք, որ Արցախը հանձնել են, մեկ է չենք պատկերացնում, որ պետք է հեռանանք, թողնենք մեր հողը, ինչին էլ այս ամենն ուղղված է:

Ի վերջո, Լաչինի միջանցքը դա “գենեռալնի ռեպետիցիան է” Արցախի հայաթափման ճանապարհին: Մարդիկ գիտակցում են, որ ճանապարհը, հնարավոր է, առաջիկա օրերին էլ չբացվի կամ բացվի ժամանակավոր ու դա ներկայացվի Բաքվի ռեժիմի կողմից Արցախի «իր քաղաքացիներին» արված լավություն՝ նոր տարի է, բան է: Դե, թե՛ Բաքվի, թե՛ ՀՀ իշխանությունները սիրում են ամբողջություն վերցնելով՝ մի փրթիկ շպրտել ու ներկայացնել, որպես լավություն: Բայց, վստահ են, հետո իրավիճակը կրկնվելու է, ու մի օր էլ ուղղակի կասեն՝ բացում ենք 24 ժամով, այսպես կոչված հումանիտար միջանցք, ովքեր չեն ցանկանում Ադրբեջանի կազմում ապրել, կարող են լքել երկիրը այդ ժամերի ընթացքում: Այլապես.... այլապես ի՞նչ, մեկ է տեր չկա, ու այսպիսի սցենարը լրիվ իրատեսական է: Որոշ կաբինետներում նստածների համար էլ գուցե և ցանկալի...

Շրջափակման օրերին միակ բանը, որ հասու էր մարդկանց, տեղեկատվությունն էր՝ Արցախի կառույցները բաց ու թափանցիկ էին աշխատում: MediaHub-ն, օրինակ, ամեն օր թարմ տեղեկություններ էր ստանում Ստեփանակերտի ԲԿ-ից այնտեղ գտնվող և շտապ բուժօգնության  կարիք ունեցող քաղաքացիների առողջական վիճակից:

Հիշեցնենք, սրտի բաց վիրահատության կարիք ունեցող մի հիվանդի օրեր առաջ հաջողվեց տեղափոխել Երևան, սակայն ծայրահեղ հիվանդ էլի քաղաքացիներ կան: Բայց ահա այսօր բուժկենտրոնից մեզ փոխանցեցին, որ այլևս իրավասու չեն տրամադրել տեղեկատվություն հիվանդների ու ընթացիկ վիճակի մասին: Նույնը փոխանցեցին նաև Արցախի առողջապահության նախարարությունից՝ հորդորելով հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը:

Ռուբեն Վարդանյանի պետնախարար նշանակվելուց հետո MediaHub-ը գրել էր, որ վերջինս հանձնարարել է Կառավարության անդամներին զսպել իրենց ակտիվությունը սոցիալական ցանցերում ու չլինել այդքան հասանելի ԶԼՄ-ների համար:

Հիմա, փաստորեն, նույն հանձնարարականն իջեցվել է այլ մակարդակներում ևս, հանրությանը զրկելով առաջին ձեռքից, այլ ոչ միայն պաշտոնական աղբյուրից, տեղեկատվություն ստանալու իրավունքից: 
Այսպիսով, Արցախը փակվում է՝ հայտնվելով երկաթյա վարագույրի ետևում: Շրջափակումն էլ խորանում է բոլոր ուղղություններով....