Արցախում մարդիկ սոված են, իսկ Ադրբեջանը խոսում է ինտեգրացիայի մասին․ Սյունիքի մարզպետ
Այս հումանիտար բեռը պետք է հասնի այն մարդկանց, որոնք անհամբեր սպասում են, այլապես մենք բոլորս լուռ ականատես ենք լինելու, թե ինչպես է իրավիճակն ամեն վայրկյան վատթարանում։ Այս մասին այսօր Կոռնիձորում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ ներկայացնելով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնատարներների հետ կապված վիճակը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին։
«Ուզում եմ ցույց տալ, թե որտեղ է գտնվում Հակարիի կամուրջը, որն այս պահին արգելափակված է Ադրբեջանի կողմից։ Հումանիտար բեռներով մեքենաները տևական ժամանակ է, ինչ գտնվում են այստեղ: Մինչև այս պահը մենք շատ փոքր ծավալով դեղորայք ու սննդամթերք ուղարկել ենք Արցախ, բայց վերջին ժամանակներում ընդհանրապես անհնար է որևէ բան տեղափոխել: Մեքենաներն այստեղ կանգնած են, և անհնար է դառնում այս հումանիտար բեռների տեղափոխումը սահմանից այն կողմ։ Արցախում քաղցած են մարդիկ, քաղցած են երեխաները, բայց Ադրբեջանը խոսում է ինտեգրացիայի մասին։ Բայց այդ ինտեգրացիային արդյոք սովամահության հասցնելու ճանապարհո՞վ են ուզում հասնել: Սա անընդունելի է բոլորիս համար, սա ճանապարհ չէ, մարդիկ սոված են»,-ասաց մարզպետը։
Մանրամասները՝ տեսանյութում