Զովունիում տղամարդը հետապնդել է նախկին կնոջը և նռնակով պայթեցրել․ երկուսն էլ մահացել են

Կոտայքի մարզի Զովունի համայնքում պայթյուն է տեղի ուենցել, որի հետևանքով երկու անձ է մահացել։ Այս մասին MediaHub.am-ը տեղեկացավ Զովունիի համայնքանպետ Արտաշես Ղարիբյանից։ «Ասում են՝ ամուսինների միջև ընտանեկան վեճ է եղել, որից հետո ամուսինը պայթեցրել է իրեն և կնոջը։ Պայթյունը, հավանաբար, նռնակով է եղել»,-ասաց համայնքապետը։ Դեպքը տեղի է ունեցել առավոտյան։ Ամուսինները չորս երեխա ունեն։ Համայնքապետը նշեց, որ այս պահին շատ տեղեկություն չունի, բայց Ոստիկանության հետ միասին դեպքի վայրում է։ Ոստիկանությունը հայտնել է, որ մ արտի 11-ին, ժամը 10․40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել․ 1-02 ահազանգած անձը հայտնել է, որ մի տղամարդ հետապնդում է նախկին կնոջը։ Նույն դեպքի վերաբերյալ ստացված այլ հաղորդումների համաձայն՝ հետապնդվող կնոջը տեսել են Կոտայքի մարզի Զովունի գյուղի դպրոցի մոտ, որտեղ պայթյունի ձայն է լսվել։ Ոստիկանության Նաիրիի բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Զովունու դպրոցի մոտ հայտնաբերել է 1976 թվականին ծնված Նելլի Ն․-ի և 1976 թվականին ծնված Արտակ Դ․-ի դիերը։ Նախնական տվյալներով, նրանց մահը նռնակի պայթյունի հետևանք է։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Լիաննա Թորոսյան