Շրջադարձային իրադարձություններ Արցախում, Վարդանյանը հրաժարական կտա․ Ո՞ւմ է խանգարում «Զովքը»․ Մամուլը՝ սուրճով

Շրջադարձային իրադարձություններ Արցախում, Վարդանյանը հրաժարական կտա․ Ո՞ւմ է խանգարում «Զովքը»․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Արցախում այսօր շրջադարձային իրադարձություններ են սպասվում. բոլորը շունչները պահած սպասում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա ուղերձին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱՀ նախագահն իր ուղերձը հրապարակելու է կեսօրից հետո ֆեյսբուքյան իր էջում: Նշենք, որ այսօր Արցախի ԱԺ-ն նիստ է գումարելու, Արայիկ Հարությունյանին առաջարկել են գալ խորհրդարան եւ ԱԺ ամբիոնից ուղերձը հնչեցնել, սակայն վերջինս հրաժարվել է՝ նախընտրելով ուղերձով հանդես գալ ֆեյսբուքյան իր էջում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Հարությունյանն իր ուղերձում պատրաստվում է հայտարարել պետնախարար Ռուբեն Վարդանյանին աշխատանքից ազատելու մասին: Հայտնել էինք նաեւ, որ Արցախի պետնախարարի նոր թեկնածուն գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն է, որն, ի դեպ, հաստատել է արդեն, որ նախագահից նման առաջարկ ստացել է: Տեղեկացանք նաեւ, որ ԱՀ նախագահն իր ուղերձում հայտարարելու է նախագահին կից խորհրդատվական մարմին ստեղծելու մասին, որը, ամենայն հավանականությամբ, ղեկավարելու է Արցախում ընդդիմադիր քաղաքական գործիչ ներկայացող Տիգրան Պետրոսյանը:

Արցախում վստահ են, որ Արայիկ Հարությունյանը փորձելու է ամեն կերպ արդարացնել իր՝ Ռուբեն Վարդանյանին պաշտոնից հեռացնելու որոշումը, ներկայացնելու է, թե դա Արցախում ներքաղաքական կյանքը հանդարտեցնելու համար է անում, մինչդեռ Արցախում ընդդիմադիրները վստահ են, որ նա դա անում է հենց Փաշինյանի պահանջը բավարարելու համար: Արցախի մեր աղբյուրները հայտնեցին, որ Ռուբեն Վարդանյանը պետնախարարի պաշտոնից հետո որեւէ նոր պաշտոնի մտադիր չէ անցնել, բայց շարունակելու է մնալ Արցախում:

Արցախի խորհրդարանական ընդդիմությունն էլ իր հերթին սպասում է Արայիկ Հարությունյանի այսօրվա ուղերձին, որպեսզի, դրանից ելնելով, քայլեր ձեռնարկի:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշումներ է կայացրել ԱԺ պատգամավորներից մի քանիսի նկատմամբ հարուցված վարույթներով:

Մասնավորապես, մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ խախտում չի հայտնաբերվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի եւ ՔՊ -ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դեմ հարուցված վարույթներով:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վարույթներ էին հարուցվել Ազգային ժողովի ՔՊ-ական, ինչպես նաեւ «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների նկատմամբ՝ «անհամատեղելիության պահանջի առերեւույթ խախտման» հիմքով: Գրել էինք, որ պատգամավորները ստացել էին հանձնաժողովի ծանուցումները, որ իրենց դեմ վարույթ կա:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ծեծի գործով երեկ կալանավորված անձը չի ընդունում մեղադրանքը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա ԱԱԾ-ում ցուցմունք է տվել եւ հայտնել , որ ինքը եղել է այնտեղ, բայց Արարատ Միրզոյանին չի հարվածել։ Ստացվում է, որ աղմկահարույց միջադեպից երեք տարի անց երկու անձ է կալանավորվել, եւ երկուսն էլ չեն ընդունում մեղադրանքը, որ ծեծել են Արարատ Միրզոյանին: Ավելին՝ չկա նաեւ ծեծի ապացույց տեսանյութ:

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-Ն հայտնեց, որ Թ․ Ա․-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի եւ, դրանով պայմանավորված, նույն օրը՝ Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու եւ Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող մի շարք տարածքներ Ադրբեջանի Հանրապետության վերահսկողությանը հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո, տեղեկանալով, որ մայրաքաղաք Երեւանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի եւ ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ, դրանց ներսում զանգվածային անկարգություններ են կատարվում, դրանց մասնակցելու նպատակով գնացել է Երեւան քաղաքի Դեմիրճյան եւ Պռոշյան փողոցների խաչմերուկ։

Այդտեղ էլ տեսնելով, որ ավտոմեքենայում խցանման մեջ է գտնվում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, տեղում միացել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը՝ մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին եւ վերջինիս պետական գործունեությունը դադարեցնելու նպատակով, նրան սպանելու դիտավորությամբ այլոց հետ միասին ոտքերով հարվածներ է հասցրել Արարատ Միրզոյանի գլխին եւ մարմնի տարբեր մասերին, ինչի հետեւանքով վերջինիս պատճառվել է դիմային գանգի ոսկրերի բազմակի կոտրվածքներ եւ այլ մարմնական վնասվածքներ, եւ Արարատ Միրզոյանը կորցրել է գիտակցությունը:
Մյուս կալանավորվածը Արա Բ.-ն է:

«Հրապարակ» թերթը գրում է.

Պաշտպանության նախարարությունը «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին խոշոր չափի՝ 215 մլն դրամի, այսինքն՝ մոտ 551 հազար դոլարի դրամաշնորհ է տվել։ Սրանով ՊՈԱԿ-ը պիտի Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի տարածքում հետազոտություններ անի՝ տարածքը վտանգավո՞ր է, թե՞ ոչ, մի մասով էլ չափահաս բնակիչների շրջանում իրազեկում անցկացնի։ Նշենք, որ այս ՊՈԱԿ-ի տնօրենը 2018-ի իշխանափոխության ժամանակ հանրությանը հայտնի դարձած Վաղինակ Սարգսյանն է։

2018-ի իշխանափոխության օրերին նա խաղաղապահների հրամանատարն էր, ով «Ստալիչնի պոլկից» փողոց հանեց մի խումբ խաղաղապահների եւ, ըստ որոշ աղբյուրների, վճռորոշ դեր խաղաց Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցում․ տեսնելով, որ բանակը միանում է միտինգավորներին, վերջինս վերջնականապես որոշեց գրել դիմումը: 2018-ի հունիսի 11-ին, որպես պարգեւատրում՝ Սարգսյանին նշանակեցին ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, սակայն պատերազմի օրերին՝ 2020 թ․ հոկտեմբերի 26-ին, ազատեցին պաշտոնից, բայց՝ սուսուփուս: Պատերազմից հետո լուրեր կային, որ ԱԱԾ-ում քննվող մի գործով Վ․ Սարգսյանը հարցաքննվել է:

Հետագայում նա հայտնվեց այս փափուկ պաշտոնին, որտեղ մեծ պատասխանատվություն ու մեծ ռիսկեր չկան, փոխարենը կան մեծ փողեր։ Մենք 2022-ի տարեվերջին գրել էինք, որ այս ՊՈԱԿ-ում գումարի այնքան ավելցուկ կա, որ անհասկանալի սեմինարներ ու քննարկումներ են անում մարզերում, մեկն էլ կայացել էր Ջրվեժի «Ղարս» ռեստորանում՝ խորովածով-բանով։

«Հրապարակ» թերթը գրում է.

Երկու շաբաթ առաջ գրել էինք, որ դատավորների թեկնածուների քրեական մասնագիտացման ցուցակի համալրման համար հատուկ կարգով անցկացված որակավորման գրավոր քննությունը միայն 1 հոգի է հաղթահարել։

ԲԴԽ-ի հայտարարած մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել 7 անձ, անցողիկ շեմը եղել էր 80 միավոր, եւ միայն մեկը՝ Արմեն Էդուարդի Պողոսյանն էր հատել այդ շեմը՝ ստացել էր 86 միավոր։  Տեղեկացանք, որ քննության արդյունքներով բավարար միավորներ չհավաքած թեկնածուներից 2-ը բողոքարկել են քննության արդյունքները, ինչից հետո վերանայվել են արդյունքները, եւ նրանք դարձել են դատավոր։

Այդ 2 թեկնածուներն են Արտավազդ Կարապետյանն ու Սասուն Մխիթարյանը։ Կարապետյանը հավաքել էր 75 միավոր, բողոքարկումից հետո նրա միավորների թիվը դարձել է 80.5, Սասուն Մխիթարյանը՝ 74 միավոր, բողոքարկումից հետո նրան 6 միավոր ավելացրել են եւ 80 միավորով ընդգրկել դատավորների ցուցակում։

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր Արցախի նախագահի հրամանագրով Ռուբեն Վարդանյանը կազատվի պետնախարարի պաշտոնից: «Փաստ» թերթի տեղեկություններով, նախօրեին Արայիկ Հարությունյանն ու Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն այցելել են Նիկոլ Փաշինյանին՝ ստանալու վերջինիս «օրհնությունը», որ Վարդանյանի փոխարեն պետնախարար նշանակվի հենց Ներսիսյանը:

Ի դեպ, այն տեղեկություններին, թե նախ պետնախարար է նշանակվելու, իսկ հետագայի համար Արցախի նախագահի պաշտոնի հավակնություններ ունի, Ներսիսյանը ծայրահեղ բուռն էր արձագանքել՝ այդ տեղեկությունները որակելով իր դեմ կազմակերպված «արշավ»: Բայց, ինչպես ասում են, այդ մասին՝ հաջորդ դասին:

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս հայտնի դարձավ, որ «Զովք» սուպերմարկետների ցանցում ՊԵԿ-ով, ԱԱԾ-ով քննչական կոմիտեով խուզարկություններ են իրականացվել: Բնականաբար, ցուցադրականության և շոուի բոլոր կանոններով՝ խանութները փակելով, համակարգիչների, ՀԴՄ սարքերի, անձնական օգտագործման հեռախոսների, կրիչների առգրավմամբ և այլն: Այս ամենը ցանցի ղեկավարությունը գնահատել էր որպես ապօրինի գործընթաց:

«Փաստ» թերթի տեղեկություններով, «Զովք» սուպերմարկետների ցանցի դեմ արշավը նորություն չէ և բավական հետաքրքիր պատճառներ ունի, որոնք հիմնականում տեղավորվում են տնտեսական «մրցակցության» տիրույթում, առավել ևս, որ «Զովքի» գները միշտ ավելի ցածր են եղել համանման այլ խոշոր ցանցերից:Կան տեղեկություններ, որ այստեղ առկա է իշխանությունների որոշ ներկայացուցիչների և նրանց սիրելի օլիգարխներից մեկի` Սամվել Ալեքսանյանի բիզնես շահերի հետ կապված բախում:

Ի մասնավորի, մեր աղբյուրները փոխանցում են, որ պայքարը եղել է «մանր-մունր» վատությունների տեսքով՝ օրինակ՝ Նոր Նորքում գտնվող՝ Ալեքսանյանին պատկանող «Մեգամոլի» հարևանությամբ բացված «Զովքին» նյութական վնասներ պատճառելու, պահեստի մուտքի դիմաց ցեմենտի մեքենա կանգնեցնելու (որ չկարողանան ապրանք ստանալ), «Զովքի» ավտոկայանատեղիում բազմաթիվ մեքենաներ կանգնեցնելու և ժամերով հեռանալու տեսքով և այլն: Հիմա հերթը հասել է առավել «լուրջ» արշավի՝ համապատասխան մարմինների ակտիվ ներգրավմամբ:

Ի դեպ, ուշագրավ է, որ մասնավորաբար «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը քանիցս խանութներ է բացել հենց «Զովք» խանութների հարևանությամբ ու հիմա էլ շարունակում է բացել։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

Կառավարությունը երեկ «Լիդիան» ընկերության հետ 250 միլիոն դոլար արժեքով փաթեթ է ստորագրել։ Երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե Ամուլսարի հանքը շուտով կշահագործվի։

Նկատենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը, կարելի է ասել, այս ժամանակահատվածում ոչինչ չի արել, որպեսզի հանքը շահագործվի, այլ իշխանություններն են ամեն քայլի դիմել, որպեզի փաստաթղթեր ստորագրեն՝ հանքը շահագործելու համար: Բանն այն է, որ իշխանությունը փորձում է գումար հավաքել՝ ցույց տալու համար, որ այսպես բյուջե են լցնում եւ եկամուտներ ապահովում:

Գաղտնիք չէ՝ Ամուլսարի հանքի շահագործման հարցը նախկինում դժգոհություններ էր առաջացրել նաեւ Ջերմուկի բնակիչների շրջանում: Հիմա, Ամուլսարի հանքը շահագործելով, նաեւ ցանկանում են ակտիվացնել Ջերմուկում կյանքը, ցույց տալ, թե այնտեղ ամեն ինչ լավ է, բայց իրականում այնտեղ մարդիկ քիչ են, գրեթե դատարկ է քաղաքը: Այսպես փորձելու են ցույց տալ, թե Ջերմուկում կյանքն են ակտիվացնում եւ հետն էլ 250 մլն բյուջե են լցնում:

«Հրապարակ» թերթը գրում է.

Ակադեմիական քաղաքը հորով-մորով արեցին, հիմա էլ որոշել են այլ «քաղաքներ» կառուցել եւ պետական կառույցները Երեւանի կենտրոնից հանել։ Երեկ կառավարությունում քննարկում է եղել, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Կարծում եմ՝ պետական կառավարման համակարգը Երեւան քաղաքի փոքր կենտրոնից եւ ընդհանրապես կենտրոնից պետք է դուրս բերել, որովհետեւ պետական այն գույքի ճիշտ կառավարումը, որ կա Երեւան քաղաքի փոքր կենտրոնում եւ կենտրոնում, կարող է պետությանը տասնյակ միլիարդների եկամուտներ բերել եւ ավելի արդյունավետ դարձնել կառավարման գործընթացները:

Մինչդեռ այսօր ուղիղ հակառակն է»: Հետո խոսել է խցանումների, պատմամշակութային շենքերը պահպանելու մասին, եւ վերջում արդարադատության նախարարը զեկուցել է արդարադատության թաղամաս կառուցելու հարցը։ Օստապ Բենդերը կնախանձեր հերթական «Նյու Վասյուկի» նախագծին։

«Փաստ» օրաթերթը գրում է

 Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական «փաղանգում» կա մի մտքի գիգանտ, քանքար ու պարզապես մաքրամաքուր անցյալով գործիչ: Եթե միանգամից չկռահեցիք, խոսքը Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանի մասին է, որը «նախկինում» ընդամենը մի 8-9 տարի բանակի թիկունքի պետն է եղել, ինչը չի խանգարում, որ իր քպական խմբակցակիցները աջուձախ «բանակը թալանելուց» խոսեն: Բայց այդ ծեքծեքումները դեռ մի կողմ: Ուրեմն, Փաշինյանի խմբակցության անդամ Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանը մոտ մեկ ամիս առաջ փայլատակեց՝ հայտարարելով. «Արցախը կորցնես լա՞վ է, թե՞ Հայաստանը»: Ասել կուզի՝ Արցախը հանձնում են, որ, իբր, Հայաստանը փրկեն: Հասկանում ենք, իհարկե, բացարձակ անհեթեթություն է: Բայց... Մեկ էլ իրենց կուսակցապետ Նիկոլ Փաշինյանն էր, չէ՞, որ Արցախի մեծ մասը հանձնեց, որ «կյանքեր փրկի»: Ու այդպես կյանքեր է, որ «փրկում» է...

Հիմա նրա ենթակա, անունով՝ գեներալ Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանը շարունակում է փայլատակել: Նախօրեին էլ հայտարարել է. «Հիմի լավ է Զանգեզուրի միջանցք տա՞նք, թե Ռուբեն Վարդանյանին ասենք՝ գնա, որտեղից եկել ես»: Ու քանի որ քպական շարքերից ո՛չ նախորդ դեպքերում, ո՛չ հիմա ոչ մեկը ոչինչ չի ասել Մելքոնյանի այդ փայլատակումների վերաբերյալ, ուրեմն նրա այսօրինակ հայտարարությունները, որքան էլ որ նորմալ դիտորդները դրանք «բլթոց» համարեն, արտացոլում են կուսակցական «գլխավոր գիծը», եթե ոչ՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով են բարձրաձայնվում: Ըստ որում, Ռուբեն Վարդանյանի հեռանալու վերաբերյալ Գ.Մելքոնյանը բառացի կրկնում է... Ալիևի ասածը: Բայց դա քպականներին չի հուզում:

Լավ, Ռուբեն Վարդանյանը, ասենք, գնաց: Կատարվում է Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանի ու Իլհամ Ալիևի վարդագույն երազը: Ու ի՞նչ, ըստ Գ. Մելքոնյանի, իր և իր կուսակցապետի սիրելի Ալիևը «Զանգեզուրի միջանցքից» այլևս ձեռք է քաշելո՞ւ, մի բան էլ Արցախի շրջափակումն է դադարեցնելո՞ւ: Ու այս անձնավորությունը գեներալական ուսադիրնե՞ր է ունեցել, պաշտպանության նախարարի տեղակալ է եղե՞լ: Այ, այդ հարցում, որ հանդուրժել են նման երևույթ, ի դեմս նշված նիկոլականի, նախկիններն իսկապես մեղավոր են: Ռուբեն Վարդանյանի գնալ-չգնալն այլ հարց է: Վատն այն է, որ գուրգենմելքոնյանները կշարունակեն մնալ և «կարծիք ձևավորող», կներեք արտահայտության համար, հայտարարություններ անել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների օգնականները կարողացել են հասնել իրենց երկրորդ նպատակին: Մանրամասնել էինք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար-քարտուղար Դավիթ Առաքելյանը որոշում է կայացրել պատգամավորների օգնականներին պարգեւատրել աշխատավարձի 15 տոկոսի չափով:

Եվ, ահա, մեր այս հրապարակումից հետո Ազգային ժողովի լրատվության վարչությունը պաշտոնական հաղորդագրությամբ եւ սոցիալական ցանցի իրենց էջում շտապեց հայտարարություն տարածել՝ փորձելով հերքել անհերքելին: Սկզբում դրեցին տեքստ, ինչից պարզ չէր՝ ինչ են ուզում.««Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումն իրականությանը չի համապատասխանում»: Ու պարզ չէր՝ ըստ ԱԺ-ի՝ ի վերջո, հրապարակումն իրականությանը համապատասխանում է, թե չի համապատասխանում:

Իսկ ի՞նչն են հերքում. եթե կարճ, ապա՝ անհերքելին: Գրել են, թե պատգամավորների օգնականները պարգեւավճար չեն ստացել, եւ մեր լուրը չի համապատասխանում իրականությանը, ապա երկու նախադասություն անց արդարացել, թե ԱԺ աշխատակազմը, այդ թվում՝ բոլոր պատգամավորների օգնականները, յուրաքանչյուր ամիս, աշխատավարձից բացի, ստանում են նաեւ պարգեւավճար՝ աշխատավարձի 15 տոկոսի չափով:

Այսինքն՝ հերքման տեքստում ԱԺ-ն հաստատել է այն, ինչ հրապարակել էր «Ժողովուրդ» օրաթերթը. օգնականները 15% պարգեւավճար են ստացել: Թե ինչ էր շտապում վաղ առավոտյան այդպես փութաջանորեն հերքել Ազգային ժողովը, մնաց անհասկանալի:

«Հրապարակ» թերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն իր 100 օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ խոստացավ, որ Հանրապետության հրապարակը լինելու է աթենական ագորան՝ որոշումները կայացվելու էին հրապարակում, ազգովի: Մյունխենում Ադրբեջանի նախագահն ասաց, որ 3 օր առաջ ստացել են Հայաստանի առաջարկները, ուսումնասիրում են, ըստ ամենայնի՝ կստորագրեն՝ շեշտելով, որ «Ղարաբաղի մասին որեւէ դրույթ անընդունելի է»։

Նիկոլ Փաշինյանը ո՛չ իր ուղարկած առաջարկները, ո՛չ բանակցությունները հանրությանը չի ներկայացնում, անգամ իշխանական պատգամավորներին չի հայտնում։ Առաջարկները փոխանցելու օրը՝ երեկոյան, նա շտապել էր խորհրդարան՝ ուսապարկերին իրազեկելու, որ «բարաթն» ուղարկել է, սակայն բովանդակությունը չէր ներկայացրել, միայն հույս էր հայտնել, որ այս տարի խաղաղության պայմանագիրը կստորագրվի։ Նախօրեին էլ ՔՊ վարչության նիստում փակագծեր չի բացել, չնայած քննարկել են ոչ միայն ՏԻՄ-երին վերաբերող հարցեր, այլեւ անդրադարձ է եղել մյունխենյան հանդիպմանն ու խաղաղության պայմանագրին։ Փաշինյանը գրեթե կրկնել է խորհրդարանում ունեցած ելույթը՝ ասելով, որ քննարկումները պայմանագրի կետերի շուրջ շարունակվում են, չկա պայմանավորվածություն։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կրկին մնացել է առանց փոխնախարարի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեռ փետրվարի 6-ին Արմեն Արզումանյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով, ազատվել էր էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասով «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, տեղեկացանք, որ ոչ թե Արմեն Արզումանյանն է ցանկություն հայտնել հեռանալ, այլ նրան ազատել են պաշտոնից:

Մեր աղբյուրները հայտնում են, որ իրականում նախարարությունում դժգոհ են եղել Արմեն Արզումանյանի աշխատանքից, որն այդ պաշտոնում նշանակվել էր 2022 թվականի ապրիլին, այսինքն՝ անգամ մեկ տարի չաշխատեց այդ պաշտոնում: Գալով պաշտոնի եւ խոստումներ տալով՝ նա, փաստորեն, չի կարողացել իրականացնել դրանք, ինչն էլ այդպիսի դժգոհության պատճառ է հանդիսացել: Տեղեկացանք նաեւ, որ մինչ այս պահը նրան դեռ փոխարինող չի նշանակվել, եւ նախարարությունում այնպիսի տրամադրություններ են, որ առաջիկայում այդ հաստիքը չի էլ համալրվի, եւ նրա գործառույթները կկատարեն նախարարի մյուս տեղակալները:

Նկատենք՝ «Ժողովուրդ» օրաթերթն այդպիսի վիճակագրություն էր ներկայացրել եւ գրել, որ նախարարություններում կադրային ճգնաժամ է, մի քանի գերատեսչություններում նախարարի տեղակալներ չկան: Փաստորեն, նրանց ավելացավ եւս մեկը: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ Արմեն Արզումանյանին՝ հասկանալու համար, թե ինչու է նման որոշում կայացվել, սակայն մեր հարցերը մնացին անպատասխան։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ամուլսարի ոսկու հանքավայրը կվերսկսի շահագործումը:

Հայաստանը երեկ 250 միլիոն դոլարանոց փաթեթ է ստորագրել «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան:

Այս իրավիճակում տարօրինակ է, թերևս ՔՊ-ական նախկին բնապահպան-ակտիվիստների քար լռությունը, որոնք Սերժ Սարգսյանի օրոք առիթ բաց չէին թողնում խոսելու հանքի շահագործման վտանգների մասին:

Նույն Լենա Նազարյանը, որ դեռևս ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ պայքարում էր հանքի շահագործման դեմ, բնապահպանական ակցիաների էր մասնակցում, ճանապարհներ էր փակում, խոսում էր հանքի շահագործման վտանգավոր ռիսկերի մասին, հիմա տարօրինակ կերպով լռում է:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ զանգահարեց Նազարյանին՝ հասկանալու իր դիրքորոշումը Ամուլսարի շահագործման վերաբերյալ, սակայն վերջինս հարցը լսելուց հետո խուսափեց որևէ մեկնաբանություն տալ՝ ասելով, որ չի ցանկանում խոսել այդ մասին ու անջատեց հեռախոսը:

«Խիստ սկզբունքային» քաղաքական գործիչ Լենա Նազարյանը թերևս փոխել է արդեն իր դիրքորոշումը, նրա համար հանքի շահագործումն այլևս վտանգ չի ներկայացնում, կամ էլ նրան կաշկանդում է այն, որ արդեն իր քաղաքական թիմն է համաձայնություն տվել, որպեսզի Ամուլսարը նորից շահագործվի ու նախընտրում է լռել:

«Հրապարակ» թերթը գրում է.

Անցած տարի՝ 2022-ի սկզբին, մամուլում հրապարակում եղավ, որ այդ ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր դեսպան աշխատած տարիներին շուրջ 10 մլն ֆրանկ թաքցրել է՝ չի նշել եկամուտների հայտարարագրում։ Ի պատասխան՝ Արմեն Սարգսյանը հայտարարեց, թե գումարը հայտարարագրում չի արտացոլվել, քանի որ այդ ժամանակ բանկային հաշիվներին առկա գումարը հայտարարագրելու պահանջ չի եղել, հայտարարագրել է միայն կանխիկ գումարը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն էլ հակադարձել էր, որ պաշտոնյան պետք է հայտարարագրեր իր ունեցած դրամական միջոցները՝ անկախ այն բանից, թե ինչ տեսքով են դրանք պահվել։

Մեկ տարի անց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից փորձեցինք պարզել, թե ավարտին հասցրե՞լ են 1 տարի առաջ սկսած ուսումնասիրությունը եւ ի՞նչ են պարզել, Արմեն Սարգսյանի կողմից 10 մլն ֆրանկ չհայտարարագրելն իրավաչա՞փ է եղել։ Հանձնաժողովից զարմանալի պատասխան ենք ստացել․ պարզվում է, որ Արմեն Սարգսյանը, ըստ իր իսկ տված բացատրության, այդ 10 մլն ֆրանկը հայտարարագրել է փոխարկված արժույթով՝ որպես եվրո։ Ահա այդ պատասխանը․ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացրել է Սարգսյանի եւ նրա կնոջ կողմից ներկայացված հայտարարագրերի վերլուծություն։

1. Արմեն Սարգսյանն իր՝ 2013 թվականի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու եւ դրանից հետո ներկայացրած տարեկան հայտարարագրերում շվեյցարական ֆրանկով դրամական միջոցներ չի ներկայացրել։ Այդ ժամանակահատվածում գործող իրավակարգավորումների համաձայն՝ Արմեն Սարգսյանը հայտարարագրել է 8 միլիոն եվրո՝ առանց նշելու դրամական միջոցի կանխիկ կամ անկանխիկ լինելը։ 2019 եւ 2020 թվականների տարեկան հայտարարագրերում «Բ.6.1. Բանկային հաշիվների մնացորդներ (բացառությամբ ավանդների)» բաժնում Արմեն Սարգսյանը հայտարարագրել է բանկային հաշիվներում առկա գումարը՝ ըստ արժույթի եւ ծագման աղբյուրի (այս հայտարարագրերում բանկային հաշվին առկա միջոցների նկարագրությունն Արմեն Սարգսյանը նշել է «միջազգային խորհրդատվության վճար»)։

Հանձնաժողովը, ղեկավարվելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, հիմք ընդունելով «Հետք» լրատվամիջոցի՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ նրա մերձավոր ազգականների մասին 2021 թվականի նոյեմբերի 8-ի հրապարակումը, 12.11.2021 թվականի նիստի ընթացքում որոշել է իրականացնել Արմեն Սարգսյանի եւ նրա կնոջ՝ Նունուֆար Սարգսյանի՝ 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019, 2020 թվականների տարեկան հայտարարագրերի վերլուծություն: Նախնական վերլուծության արդյունքում առաջացել են պարզաբանման ենթակա հարցեր, որոնք 05.01.2022 թվականին պաշտոնական գրությամբ ուղարկվել են Արմեն Սարգսյանին: Արմեն Սարգսյանը դրանց վերաբերյալ պատասխան է ներկայացրել 24.01.2022 թվականին։ Ստացված պարզաբանումների, ինչպես նաեւ 2021 թվականի տարեկան եւ 2022 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրերի տվյալների համադրության արդյունքում Հանձնաժողովը, հաշվի առնելով հայտարարագրման պահին գործող փոխարժեքը, եկել է այն եզրակացության, որ 10 միլիոն ֆրանկը հայտարարագրվել է փոխարկված արժույթով»։

Արմեն Սարգսյանին վերաբերող մեկ այլ հրապարակում եւս եղավ նույն ժամանակահատվածում, ըստ որի, նա, լինելով ՀՀ նախագահ, միեւնույն ժամանակ տնօրենի պաշտոն է զբաղեցրել «VH_ESTATE» կազմակերպությունում, մինչդեռ ՀՀ Սահմանադրությունը նախագահին արգելում է որեւէ այլ աշխատանքով զբաղվել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այստեղ էլ խնդիր չի տեսել։ «Արմեն Սարգսյանին ուղարկված վերոնշյալ պաշտոնական գրությամբ Հանձնաժողովը, հիմք ընդունելով Փարիզի առեւտրային դատարանի ռեգիստրի հրապարակային տեղեկատվությունը, ինչպես նաեւ բաց հրապարակային՝ «Siren», «Actulegales» եւ «Bodacc» տեղեկատվական բազաներում առկա տվյալները, հարցադրում է արել «VH_ESTATE» կազմակերպության վերաբերյալ, որում, ըստ Հանձնաժողովի բացահայտման, Արմեն Սարգսյանն ունեցել է ոչ մասնակից կառավարչի (տնօրեն) կարգավիճակ։

Հանձնաժողովը խնդրել է ներկայացնել վերոնշյալ կազմակերպությունից եկամուտ ստանալու կամ չստանալու վերաբերյալ պարզաբանում, ինչին ի պատասխան՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ «VH_ESTATE» կազմակերպությունը ոչ առեւտրային է, որտեղ ինքը ներգրավված է եղել որպես հասարակական հիմունքներով տնօրեն՝ մինչեւ 2018 թվականը, եւ կազմակերպությունից երբեւէ չի ստացել եկամուտ, ինչպես նաեւ հաստատել է իր կողմից ներկայացվածը համապատասխան փաստաթղթերով։ Արմեն Սարգսյանը հավելել է նաեւ, որ, քանի որ մինչ այդ ժամանակահատվածը ներկայացված հայտարարագրերում չի ունեցել պարտականություն՝ ներկայացնել տեղեկություններ ոչ առեւտրային կազմակերպություններում անդամակցության վերաբերյալ, վերոնշյալ կազմակերպության մասով որեւէ տեղեկություն չի նշել: Գնահատելով ներկայացված պարզաբանումները՝ Հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ վերլուծության արդյունքներով եւ ստացված պարզաբանումներով պայմանավորված՝ Հանձնաժողովն օրենքով սահմանված այլ գործողություններ իրականացնելու լիազորություններ չունի»,- պատասխանել են Հանձնաժողովից։

«Փաստ» օրաթերթը գրում է

Իշխող քաղաքական ուժի ներսում գոյություն ունեցող ներթիմային պայքարը նորություն չէ: Նորություն չէ նաև այն, որ Նիկոլ Փաշինյանի առանձնահատուկ «ընտրյալները» կամ գոնե իրենց այդպես համարողները փորձում են «շեֆություն» անել ողջ պետական համակարգում։ Բայց այդ ամենը գնալով նոր երանգներ է ստանում: «Փաստ» թերթի խորհրդարանական աղբյուրի փոխանցմամբ, հիմա էլ բավական ուշագրավ հիերարխիա է ձևավորվել ՔՊ խմբակցության ներսում ոչ միայն թիմերի, այլև առանձին անձանց առումով։ Մասնավորաբար, մեր տեղեկություններով, իշխող թիմում իրենց, այսպես ասած, «էլիտար» համարող որոշ պատգամավորներ «կոնտրոլից» դուրս են եկել և, ինչպես խմբակցությունում են ասում, իրենց դրել են «լավ տղու» տեղ։

Նրանցից ոմանք ոչ միայն խմբակցության նիստերին չեն մասնակցում, այլև «համոզելով» են ներկայանում խորհրդարանական քվեարկություններին: Ինչպես հայտնում է թերթի աղբյուրը, ոչ պակաս հետաքրքիր է պատկերը պատգամավոր կանանց դեպքում։ Մեր զրուցակիցը պատմում էր, որ հիմա լուրջ պայքար է գնում խմբակցության «կին-լիդերի» դերի համար։ Ավելին, պայքարը շատ հաճախ ուղեկցվում է նաև անթաքույց վեճերով, ընդհուպ գոռգոռոցներն ու անձնական վիրավորանքները։