Ի՞նչ են մտածում ՀՀ քաղաքացիները «Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնող երգի մասին

Այս տարի «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը կներկայացնի «Լադանիվա» խումբը։ «Լադանիվա»-ի կազմում են հայազգի վոկալիստ Ժակլին Բաղդասարյանը և ֆրանսիացի մուլտիինստրումենտալիստ Լուի Թոմասը։
Երգը բավականին աշխույժ երգ է, սակայն, համացանցում մարդիկ իրենց դժգոհությունն են արտահայտում, թե այն այդքան էլ «Եվրատեսիլ» մրցույթի համար չէ, իսկ մյուսները հակառակն են պնդում, որ երգը շատ էլ լավն է, և, հնարավոր է, դրա շնորհիվ Հայաստանը ողջ «Եվրատեսիլ» մրցույթի պատմության ընթացքում գրավի առաջին հորիզոնականը։
Հասկանալու, թե ի՞նչ է մտածում հայ ժողովուրդը, արդյո՞ք հավանում են «Լադանիվա» խմբի երգը, MediaHub-ը անցկացրեց հարցում իր ընթերցողների շրջանում։ Նյութը պատրատելու պահին հարցմանը մասնակցել է շուրջ 7500 մարդ։
«Հավանո՞ւմ եք երգը, որով LADANIVA-ն Հայաստանը ներկայացնելու է Եվրատեսիլ»-ում» հարցին մասնակիցների 15%-ն ընտրել է «Այո» տարբերակը, ընթերցողների 66%-ն ընտրել է «Ոչ» պատասխանը, «Չեմ լսել» պատասխանն ընտրել է մասնակիցների 9%-ը։ «Այս պահին մենակ Եվրատեսիլն էր պակաս» պատասխանն ընտրել է մասնակիցների 10%-ը։
Հարցման ընթացքում ընթերցողները նաև թողել են մեկնաբանություններ․ «Շատ հետաքրքիր է, ում կողմից է հովանավորվել, և ովքեր են զբաղվել նրանց ընտրությամբ, երգի ընտրությամբ»։
Իսկ ընթերցողներից մեկը գրել է․ «Հրաշալի երգ է, ստանդարտներից ավել աշխատված, բրավո»։
«Եվրատեսիլը երգի մրցույթ չէ, այլ՝ քաղաքական, այնպես որ, լավ էլ հարմար երգ է, հաջողություն մեր մասնակցին»,- գրել է մյուսը։
«Լավն ա, թե վատն ա, բայց մերն ա։ Չնայած, Եվրատեսիլի երգ չի։ Երգը չեմ հավանում, բայց ուզում եմ՝ հաղթի մեր մասնակիցը»,- գրել է մյուս ընթերցողը։
«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթը տեղի է ունենալու մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում: Հայաստանը «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հանդես կգա 2-րդ կիսաեզրափակչում 8 համարի ներքո։
Մարիաննա Արամյան