Վահե Ղազարյանի «հակառեկորդը»

Վահե Ղազարյանի «հակառեկորդը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ դարձյալ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանն է, որի ղեկավարած ծառայությունը շարունակում է խոշտանգել Հայաստանի քաղաքացիներին։

Ի՞նչ է պատահել

Օրերս «Հրապարակ» թերթը մի սահմռկեցուցիչ պատմություն էր ներկայացրել։ «․․․Տեղեկություն ստացանք, որ նախորդ օրը Վաղարշապատի ոստիկանության քրեական վարչության բաժնի աշխատակիցների կողմից դաժան ծեծի է ենթարկվել Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի շինարարության ղեկավարը՝ Մխիթար Հովհաննիսյանը»։ 
Նախնական տվյալներով, բժիշկները վերջինիս մոտ ախտորոշել են ուղեղի ցնցում, սալջարդեր։
Խոշտանգված քաղաքացու եղբայրն իր մոտիվացիան ունի, թե ինչու է իրենց ընտանիքը հայտնվել ոստիկանության թիրախում․ «Մենք շինարար մարդիկ ենք, էշություն անելով՝ մենք մեր շինարարությունն ենք անում, ընտանիք ենք պահում։ Նրանց այլ պատճառ պետք չի, ընկած են մեր հետեւից, ինչ է՝ Արթուր Ասատրյանի հետ ենք համագործակցում և այս պահին էլ կատարում ենք շինարարական պատվեր»։
Փաստորեն, Հայաստանի քաղաքացին ոստիկանության կողմից խոշտանգվում է առանց իրավական որևէ հիմքի՝ միայն այն բանի պատճառով, որ մասնագիտության բերումով՝ շինարարական գործունեություն է ծավալում քրեական հեղինակության համբավ ունեցող Դոն Պիպոյի սեփականություն հանդիսացող տարածքներից մեկում։
Սա իսկական իրավական «բեսպրեդել» է։

Ոստիկանության տխուր վիճակը

Ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ամենահաճախն է դառնում մեր խորագրի «հերոսը», ինչը վկայում է, որ ոստիկանությունը հավուր պատշաճի չի կատարում իր ֆունկցիոնալ պարտականությունները՝ վերածվելով բռնության գործիքի։ Սա արդեն լուրջ հետևության հիմք պետք է տա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, իրավապաշտպաններին։

Վահրամ Բագրատյան