Խոցելի խմբերի համար բուժումն անվճա՞ր է, ո՞վ է ասել նման բան

Խոցելի խմբերի համար բուժումն անվճա՞ր է, ո՞վ է ասել նման բան

«Հայաստանի առողջապահության նախարարությունը հանրությանը պատշաճ չի տեղեկացնում խոցելի խմբերի համար նախատեսված անվճար բուժօգնության և դեղորայքի տրամադրման մասին»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախից տեղահանված Լաուրա Գրիգորյանը։ Նախորդ տարի տեղահանվելուց հետո տիկին Լաուրան և բազմաթիվ այլ արցախցիներ շատ են լսել ԱՆ կողմից պարբերաբար հնչող հայտարարությունները, թե՝ «Լեռնային Ղարաբաղից  տեղահանվածների համար բուժումն անվճար է»։

Սակայն, պոլիկլինիկայում կամ բուժհաստատություններում ինքը շարունակ կատարել է վճարումներ, բժշկի կողմից նշանակված դեղորայքն էլ գումարով ձեռք է բերել տարբեր դեղատներից։

«Երևան տեղափոխվելուց հետո Առողջապահության նախարարության հայտարարությանը հետևելով դիմել եմ պոլիկլինիկա, ունեի խնդիրներ՝ կապված վահանաձև գեղձի, զոբի և շաքարային դիաբետի հետ։ Սկսած անալիզներից մինչև դեղորայքի ձեռքբերում՝ կատարել եմ վճարումներ, տեղամասային բժիշկը ոչինչ չի ասել»,- ասաց նա։

Մեր հարցմանն ի պատասխան Առողջապահության նախարարության խոսնակը տեղեկացրեց, որ ԼՂ-ից տեղահանվածներն արդեն ունեն սոցիալական կարգավիճակ և պետպատվերի շահառու են։ Նա հնարավոր համարեց, որ քաղաքացիները կա՛մ չեն հետևել լրահոսին, կա՛մ էլ տեղամասային բժիշկների բացթողումն է։ 

Մեկ այլ քաղաքացի նախորդ տարվա հոկտեմբերին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում ոտքերի ցավի խնդիրներով անցել է ռենտգեն հետազոտություն, վճարել 18 հազար դրամ։ 

«Հետո ասացին` «երիկամներն էլ պետք է հետազոտվի», և «դրա համար ևս անհրաժեշտ է 18 հազար»։ Երբ ասացի, որ Արցախից օրեր առաջ ենք տեղահանվել, ասացին՝ «դա կապ չունի, պետք է վճարումները կատարեք, որովհետև դուք այստեղ հաշվառված չեք»»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Եվ նման պատասխան ստանում են գրեթե բոլոր արցախցիները և ոչ միայն նրանք, այլ խոցելի խմբերի ներկայացուցիչներից շատերը, որոնք, ըստ ԱՆ հայտարարությունների, պետք է սպասարկվեն անվճար, դեղորայքն էլ նույնպես ստանան անվճար։

Էլ չասած այն, որ տարվա կեսից էլ պետպատվերի համար նախատեսված գումարները սպառվել են և մի շարք հիվանդությունների գծով պացինետներ կանգնել են լուրջ խնդրի առաջ՝ վճարել այն հետազոտությունների համար, որոնք, իբրև թե, պետպատվերի շրջանակում պետք է անցնեն անվճար: Այս մասին MediaHub-ի մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է, բայց թե՛ ոլորտի պատասխանատուները, թե՛ նրանց վերահսկողները խորապես թքած ունեն քաղաքացիների և նրանց խնդիրների վրա: Կարևորը՝ գեղեցիկ հայտարարություններն են:

Հունան Թադևոսյան