Ընդդիմադիրներին՝ խիստ պատիժ, յուրայիններին՝ «կանաչ լույս»

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշել է խուլիգանություն կատարելու համար մեղադրվող գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը։ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն անցնում է Արամուս գյուղում զենք կիրառելու միջադեպի գործով։
Միայն այն հանգամանքը, որ Տիրան Խաչատրյանը արցախյան առաջին պատերազմում հերոսական անցյալ ունի կամ 44-օրյա պատերազմում ստացել է Ազգային հերոսի կոչում՝ նրան չի արտոնում կատարել գործողություններ, որոնք պատժելի են Քրեական օրենսգրքով:
Առավել ևս, հակված չենք քաղաքականացնել քրեական գործը միայն այն պատճառով, որ գեներալը վերջին շրջանի իր բոլոր հարցազրույցներում խիստ քննադատության էր ենթարկում Նիկոլ Փաշինյանին: Ընդ որում, այդ քննադատությունը տեղին և օբյեկտիվ էր:
Տիրան Խաչատրյանի բոլոր արժանիքներն ընդունում ենք, հարգում ենք նրա վաստակը, բայց հատկապես գեներալի ուսադիրները, Ազգային հերոսի կոչումը նրա մոտ ոչ թե ամենաթողություն, այլ մեծ պատասխանատվություն պետք է ծնեին:
Օրենքի առաջ հավասար ենք բոլորս:
Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանը հենց ինքն է գետնին հավասարեցրել Ազգային հերոսի կոչումը՝ պարտված պատերազմի, ձախողումների համատեքստում կոչումներ և մեդալներ շռայլելով:
Արդյունքում Փաշինյանի «հերոսներից» մեկը մեղադրվում է կոնդիցիոներ գողանալու, մյուսը՝ խուլիգանության մեջ:
Արժեքների դեգրադացիայի գործում մեղավոր են ոչ միայն այս մարդիկ, այլ պետության ղեկավարը, որը արժեզրկել է պետությունը, նրա ինստիտուտները, պարգևները՝ այդ ամենը ծառայեցնելով քաղաքական կոնյունկտուրային, իր իշխանության քաղաքական շահերին:
Բայց արդյո՞ք Հայաստանում բոլորն են հավասար օրենքի առաջ:
Օրեր առաջ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում այն մասին, թե Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետը փորձել է դանակով կտրել անձնական հարցով քաղաքապետին դիմած քաղաքացու կոկորդը: Նաև տարածվել էր նշյալ քաղաքացու նկարը, որտեղ քաղաքացու պարանոցին կտրող-ծակող գործիքից ստացած քերծվածք է երևում:
Ընդ որում, փաստաբանը պնդել էր, թե ասածը հաստատող ձայնագրություն ունի:
Ընդդիմադիր գեներալին կարելի է պատժել, նրա ձերբակալության նվաստացուցիչ կադրերը իշխանության մեդիայով տարածել, բայց ՔՊ-ական քաղաքապետը, որը կտրող գործիքով հարձակվել է քաղաքացու վրա՝ անպատիժ է:
Հենց այսպես է դեգրադացվում պետությունը, այսպես է ստեղծվում ինստիտուցիոնալ ավտորիտարիզմ, երբ օրենքը միայն ընդդիմադիրին պատժելու համար է, իսկ յուրայինը բարձր է օրենքից ու նրա պահանջից:
Վահրամ Բագրատյան