Դավադրության տեսությունները կենսունակ չեն. գիտնականն ապացուցել է ճշմարտությունը մարդկանցից թաքցնելու անհնարինությունը

Օքսֆորդի համալսարանից (Մեծ Բրիտանիա) ֆիզիկոս Դեւիդ Գրայմսն ապացուցել է, որ դավադրության տեսությունները կենսունակ չեն: Գիտնականը առաջ է քաշել մի հավասարում, որն ապացուցում է, որ ճշմարտության ցանկացած լայնածավալ պարտակում դատապարտված է բացահայտման մի քանի տարիների ընթացքում, գրում է PLoS One-ը:
Գրայմսն իր հավասարումը ստեղծելիս կենտրոնացել է երեք գործոնի վրա՝ գիտնականը որպես հիմք ընդունել է դավադիրների թիվը, ճշմարտությունը թաքցնելու մեկնարկից անցած ժամանակը եւ դավադրության բացահայտման ռիսկը:
Ստացված տվյալները գիտնականն օգտագործել է դավադրության չորս հայտնի տեսություններն ուսումնասիրելու համար։ Խոսքը դեպի Լուսին մարդու թռչելու մասին ստի, քաղցկեղի դեմ արդյունավետ դեղամիջոցը թաքցնելու, կլիմայի փոփոխությունների մասինն տեղեկատվության կեղծման եւ երեխաների մոտ աուտիզմի զարգացման վրա պատվաստումների ազդեցության մասին է։
«Եթե հաշվի առնենք, որ դեպի Լուսին թռիչքի նախապատրաստական աշխատանքները սկսվել են 1965 թվականին, եւ նախագծին մասնակցել է 410 000 մարդ, ապա այս մեծության կեղծիքը չի կարող գաղտնիք մնալ ավելի քան երեք տարի եւ յոթ ամիս: Քաղցկեղի արդյունավետ բուժման համար դեղամիջոցի գոյությունը կարելի է թաքցնել երեք տարի եւ երեք ամիս: Իմ հետազոտությունը հստակ ցույց է տալիս, որ լայնածավալ դավադրությունները իրական աշխարհում հնարավոր չեն: Եթե շատ մարդիկ իմանան ձեր գաղտնիքի մասին, ապա այն արագ հայտնի կդառնա հանրությանը»,- նշել է հետազոտողը: