Ի՞նչ կտա Փաշինյանի այցը Սանկտ Պետերբուրգ 

Ի՞նչ կտա Փաշինյանի այցը Սանկտ Պետերբուրգ 

Անցած շաբաթավերջին Ռուսաստանի երկու պաշտոնյաներ հանդես են եկել հայտարարություններով, որոնք, մեղմ ասած, հակադրության մեջ են այն ճգնաժամի հետ, որն այսօր առկա է հայ-ռուսական հարաբերություններում:

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը տարին ամփոփող բրիֆինգ է տվել Ռուսաստանում հավատարմագրված ռազմական կցորդներին, որի ընթացքում անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ Մոսկվայի ջանքերին։ 

«Մոսկվան ջանքեր է գործադրում Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների բացման, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման, երկու երկրների միջև առավել սուր հակասությունները վերացնելու ուղղությամբ»,- ասել է Գերասիմովը:

Արդեն մեկ տարի է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հրաժարվում է բանակցել մոսկովյան հարթակներում: Եթե անկեղծ լինենք, ապա Բաքուն էլ առանձնապես շահագրգռված չէ ռուսական միջնորդությամբ, ավելին, արեց ամեն ինչ, որպեսզի Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված ստատուս-քվոն փոխվի:

Բայց ուշագրավ է, որ հայտարարությունը տարածում է ոչ թե Ռուսաստանի ԱԳՆ-ն, այլ Գլխավոր շտաբը:

Սա տարածաշրջանից հեռացող կայսրության ուղերձ չէ, ավելին՝ Մոսկվան հասկացնում է, որ անգամ ուժի կիրառմամբ հետամուտ է լինելու իր տարածաշրջանային շահերի պաշտպանությանը:
Մինչ Երևանում խոսում են ռազմատեխնիկական համագործակցության դիվերսիֆիկացիայի մասին և ակտիվ աշխատանքներ են տանում Հնդկաստանի և Ֆրանսիայի հետ՝ չթաքցնելով դժգոհությունը Ռուսաստանից, Հայաստանում երկրի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ: 

«Մոսկվան և Երևանը քննարկում են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում երկրների միջև նոր համաձայնագրեր»,- ասել է նա:

Արդյո՞ք դրական դինամիկա կա հայ-ռուսական հարաբերություններում ու այդ համատեքստում ի՞նչ կտա Հայաստանին Նիկոլ Փաշինյանի այցը Սանկտ Պետերբուրգ: Չավարտված այցի արդյունքների մասին դժվար է գնահատականներ տալ, արձանագրենք միայն, որ երեկ Հայաստանը ստանձնեց ԵԱՏՄ նախագահությունը:

Վահրամ Բագրատյան