Վրաստանի Ազգային բանկը հիշեցրել է երկրում «Միր» վճարային համակարգի օգտագործման անհնարինության մասին

Վրաստանի Ազգային բանկը հիշեցրել է երկրում «Միր» վճարային համակարգի օգտագործման անհնարինության մասին

Վրացական ֆինանսական կազմակերպությունների կողմից ռուսական «Միր» վճարային համակարգի օգտագործումը օրենքի խախտում է։ Այս մասին հիշեցնում է Վրաստանի Ազգային բանկը (ՎԱԲ), փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»։

Կարգավորիչը հայտարարություն է տարածել, որպեսզի մեկնաբանի ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկությունը, թե Բաթումի առեւտրի կենտրոններից մեկը մտադիր է սկսել «Միր» համակարգի քարտերի ընդունումը։

«Եվս մեկ անգամ ցանկանում ենք պարզաբանել, որ «Միր» համակարգը չի սպասարկվում Վրաստանում գրանցված որեւէ առեւտրային բանկի կամ վճարային ծառայություններ մատուցողի կողմից։ Ըստ այդմ, եթե Վրաստանում գործող կազմակերպությունը սպասարկում է գրանցում չունեցող վճարային ընկերությանը, ապա խախտում է Վրաստանի «Վճարային համակարգի եւ վճարային ծառայությունների մասին» օրենքը։ Սա կորակվի որպես անօրինական առեւտրային գործունեություն»,- ասվում է հայտարարության մեջ։

ՎԱԲ-ից հավելել են, որ նման դեպքերի նույնականացման դեպքում իրենք անհապաղ տեղեկացնում են քննչական մարմիններին։

Ուկրաինայում պատերազմի պատճառով Ռուսաստանի Դաշնության ֆինանսական հատվածի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով Visa եւ MasterCard միջազգային վճարային համակարգերը մարտի 6-ին հայտարարել են ՌԴ-ում գործունեությունը դադարեցնելու մասին։ Այժմ բոլոր ռուսական բանկերի Visa եւ MasterCard քարտերն աշխատում են միայն Ռուսաստանի Դաշնությունում, դրանցով անդրսահմանային գործարքները հասանելի չեն: Սա վերաբերում է ինչպես արտասահմանյան առցանց խանութներից գնումների համար վճարելուն, այնպես էլ արտերկրում այդ քարտերից օգտվելուն:

Ներկայումս ռուսական բանկերի կողմից թողարկված Visa եւ MasterCard-ով բոլոր գործարքները սպասարկվում են «Միր» վճարային համակարգի օպերատորի՝ «Վճարային քարտերի ազգային համակարգի» կողմից: